Մատչելիության հղումներ

Բացվեց «Զվարթնոց» օդակայանի նոր ուղեւորային համալիրը


Ուրբաթ օրը Երեւանի «Զվարթնոց» օդակայանում բացվեց նոր ուղեւորային համալիրը: Բացման արարողության ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստեց, որ «սա խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն է Հայաստանում»:

«Դա իր ազդեցություն է ունենալու Հայաստանի ամբողջ տնտեսության վրա», - շարունակեց նախագահը: - «Ընդամենը մի քանի տարի առաջ «Զվարթնոց» օդակայանը մեր ամենից թույլ օղակներից մեկն է եղել: Այն, ինչ տեսնում ենք հիմա, տպավորիչ է, արդիական եւ գեղեցիկ»:

American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը ասաց, որ այս «օդակայանը լավագույնն է տարածաշրջանում»: Նրա վկայությամբ` նոր համալիրի շինարարության վրա ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար:

«Սա առաջին փուլն է: Շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 2010 թվականին, եւ ներդրումների ծավալը կհասնի 200 միլիոնի», - ասաց Էռնեկյանը:

Նոր ուղեւորային համալիրը օրհնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Ուղեւորային նոր համալիրի սրահը ժամում կարող է սպասարկել 1000 ուղեւորի, ինչը երկու անգամ գերազանցում է նախկին համալիրի հնարավորությունները: Երեք-չորս անգամ արագացել է ուղեւորների սպասարկման գործընթացը` շնորհիվ տեղակայված 12 անձնագրային ստուգման կետերի: Ուղեւորները կարող են հասնել ինքնաթիռին հինգ կապող կամրջակների միջոցով:

Նոր ուղեւորային համալիրը կսկսի գործել հունիսի 1-ից:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG