Մատչելիության հղումներ

Միջազգային դիտորդների միջանկյալ եզրակացությունը հարցականի տակ է դնում ընտրությունների ազատությունն ու արդարությունը


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր ավարտեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ երկու ամիս տեւած դիտորդական առաքելության աշխատանքները` հրապարակելով հետընտրական միջանկյալ զեկույցը, որը հարցականի տակ է դնում մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը:

Հետընտրական միջանկյալ առաջին զեկույցը զգալիորեն տարբերվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ բոլոր զեկույցներից, որոնցում նշվում էր, թե Հայաստանը «ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում»:

«Ընտրական գործընթացի վերջին փուլերի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը որոշակի անհամապատասխանություններ է դիտարկել սահմանված կարգավորումներից, ինչպես նաեւ շեղումներ ընտրական լավագույն փորձից, որոնք չեն նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը», - ասված է զեկույցում: - «Առաքելությունը տարբերություններ է դիտարկել, դրանց մի մասը` զգալի, որոնք տեղ են գտել ընտրատեղամասերում հաստատված արձանագրությունների պատճենների եւ ըստ ընտրատարածքների բերված նախնական այն արդյունքների միջեւ, որոնք ամփոփվել էին
ընտրատարածքային հանձնաժողովների կողմից»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը 108 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հետեւել է քվեների հաշվարկի եւ արդյունքների արձանագրությունների լրացմանը եւ 41 ընտրատարածքային հանձնաժողովներից 39-ում դիտարկել արդյունքների ամփոփումը. - «Ընտրատեղամասերի 35 տոկոսի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, տեղամասային հանձնաժողովների անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ տեղամասային հանձնաժողովը արգելված գործողություն է կատարել` փոխելով արձանագրության սկզբնական տվյալները»:

«Ընդհանուր առմամբ, դիտորդներն ամփոփման անցկացումը ընտրատարածքային հանձնաժողովների 35 տոկոսում գնահատել են որպես վատ կամ շատ վատ», - ասված է զեկույցում

Առաքելությունը արձանագրել է նաեւ Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ. - «Դիտարկվել է, որ 14 ընտրատարածքային հանձնաժողովներ փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում ամփոփված «սկզբնական տվյալները»: 7 ընտրատարածքային հանձնաժողովներում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել տեղամասային հանձնաժողովներից կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել: Թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովում (Վաղարշապատում) դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ընտրատարածքային հանձնաժողովի տարածք»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը առաքելության թիվ 1 հետընտրական միջանկյալ զեկույցը երեկ ներկայացրել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին` նշելով, թե փաստաթղթում տեղ գտած փաստերը հիմնված են հստակ դիտարկումների վրա, եւ առաքելությունը շարունակելու է հետեւել Սահմանադրական դատարան ներկայացվելիք գործերի ընթացքին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության այս զեկույցին երեկ արդեն արձագանքել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` խնդրելով դեսպան Ֆռլեցին կոնկրետ տեղեկատվություն ներկայացնել այն ընտրական տեղամասերի վերաբերյալ, որոնցում արձանագրվել են հիշյալ իրավախախտումները:

Իսկ այսօր Բորիս Ֆռլեցին նամակ է հղել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG