Մատչելիության հղումներ

Գյումրիում փոխհրաձգության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է երեք մարդ, այդ թվում` քաղաքապետի որդին


Կիրակի երեկոյան Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Շիրակի մարզի դատախազությունը որոշում է կայացրել Ռուստամ Սարգսյանին, Սպարտակ Ղուկասյանին եւ Տելման Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել է հետախուզում:

Ինչպես ասված է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում, նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել դեպքի հանգամանքները եւ փոխհրաձգությանը մասնակցած մի քանի անձանց ինքնությունը. - «Պարզվել է, որ 2007 թվականի մայիսի 20-ին` ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակիչ Նորայր Գրիշայի Սոլոյանը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, քննությամբ դեռեւս չպարզված անձի հետ միասին, «Ռուբ-Ռուս» ՍՊԸ-ին պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում վիճաբանության մեջ է մտել նույն ՍՊԸ-ի տնօրեն Ռուստամ Արտաշեսի Սարգսյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով սրճարանի աշխատակիցների եւ ներկա գտնվողների նկատմամբ, բաժակով գարեջուրը դիտավորյալ լցրել է Ռ.Սարգսյանի դեմքին, ինչի պատճառով նրանց միջեւ քաշքշոց է առաջացել: Ն. Սոլոյանը խուլիգանական հայհոհանքներ է տվել Ռ.Սարգսյանի հասցեին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է բակում, որտեղ Ռ.Սարգսյանն իր մոտ պահվող ` ապօրինի ձեռք բերած «Մակարով» տեսակի ատրճանակից երկու անգամ կրակել է Նորայր Սոլոյանի ոտքերի ուղղությամբ: Աջ ազդրի շրջանում ստանալով հրազենային վնասվածք` Ն. Սոլոյանը դեպքի վայրից հեռացել է: Վերջինս տեղափոխվել է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ էլ ներկայումս գտնվում է:

Ավելի ուշ՝ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում՝ մարդաշատ վայրում, փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռուստամ Սարգսյանի՝ իր «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77 ՍԼ 222 պետհամարանիշի ավտոմեքենայով, ուղեւոր Տելման Հայկազի Կարապետյանի եւ «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Սպարտակ Վարդանի Ղուկասյանի եւ ավտոմեքենայում գտնվող` դեռեւս ինքնությունները չբացահայտված անձանց միջեւ, սակայն միմյանց սպանելու դիտավորությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել՝ դեպքի վայրից դիմելով փախուստի:

Երկկողմանի փոխհրաձգության հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել Համասփյուռ Աբգարի Մնացականյանը՝ աջ ձեռքի բազկի շրջանում, վնասվել են շրջակայքում գտնվող բնակելի շենքերի պատերը, պատուհանների ապակիները, բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նշված ավտոմեքենաների վրա: Հայտնաբերվել եւ առգրավվել են Ռ.Սարգսյանի եւ Տ.Կարապետյանի կողմից օգտագործված 2 ինքնձիգները` փամփուշտներով, «Մակարով» եւ «Գոլդ Սթար Մագնում» տեսակի ատրճանակները` փամփուշտներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նախաքննական մարմինը 24.05.2007 թ. որոշում է կայացրել Ռուստամ Սարգսյանին, Տելման Կարապետյանին եւ Սպարտակ Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանական մարմիններին՝ օպերատիվ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հետախուզվող անձանց հայտնաբերելու եւ հանցագործությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Սպարտակ Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է, Ռուստամ Սարգսյանը` Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, թիվ 34 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատու Արտաշես Սարգսյանի որդին:

Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի վերը նշված կետերով «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության փորձը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ»: Հիշատակված մյուս երկու հոդվածներով պատիժ է նախատեսված ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ կրելու եւ խուլիգանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG