Մատչելիության հղումներ

Մատենադարանի երկարամյա տնօրենը դադարեցնում է պաշտոնավարումը


Ուրբաթ օրը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայագիտության բնագավառում երկարամյա գործունեության եւ վաստակի համար նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեց Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանին, ով այսօր հայտարարեց, որ դադարեցնում է պաշտոնավարումը, սակայն «հրաժեշտ չի տալիս Մատենադարանին»:

Ավելի քան կես դար Մատենադարանում աշխատած Սեն Արեւշատյանը իր տնօրինության 25 տարիների ընթացում հազարից ավելի ձեռագրեր է բերել Մատենադարան, որն այսօր ունի շուրջ 18 հազար հայերեն եւ օտարալեզու ձեռագրեր: Այդ տարիների ընթացքում հրապարակվել են ավելի քան 125 գիտական ուսումնասիրություններ:

Արեւշատյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Մատենադարանի նորաստեղծ կառավարման խորհուրդը, որը եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի նոր տնօրեն:

Մինչ այդ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ կհայտարարի Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար, որին, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հավակնում են Մատենադարանի ներկայիս փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, Երեւանի պետական համալսարանի արվեստի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Չուքասզյանը եւ «Նաիրի» հրատարակչության տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ում կուզենար տեսնել որպես իր հետնորդ, Սեն Արեւշատյանն ասաց. - «Նարեկացիագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանին»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG