Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Քաղաքապետը պարտակում է» վերնագրի ներքո հայտնում է. - «Ըստ հավաստի աղբյուրների, իրավապահ մարմինները երեկ փորձել են ձերբակալել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն, որը կիրակի օրը Գյումրիի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության գլխավոր պարագլուխն է եղել: Ժամը 22-ի դրությամբ, սակայն, դա իրավապահներին դեռ չէր հաջողվել»:

Պնդելով, որ «ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորումն այսօր նույնքան հեռու է, որքան հինգ կամ տասը տարի առաջ` «Իրավունք»-ի խմբագրականը նման իրավիճակի ներքաղաքական պատճառների թվում, մասնավորապես, առանձնացրել է. - «Ակնհայտ է, որ ներկայիս գործող նախագահը հեռանալու է քաղաքական ասպարեզից։ Մարված կարելի է համարել նույնիսկ այն ինտրիգը, թե միգուցե Ռոբերտ Քոչարյանը կշարունակի պաշտոնավարել իբրեւ վարչապետ՝ իր թիկունքում ունենալով սեփական խորհրդարանական մեծամասնությունը»։ «Քանի որ, այսօրվա մեծամասնությունը գործող վարչապետի մեծամասնությունն է, Ռոբերտ Քոչարյանի՝ ապագայում վարչապետ դառնալը խիստ անհավանական է, եթե ոչ՝ անհնար», - շեշտել է խմբագրականն ու բխեցրել. - «Այժմ ՀՀԿ կողմից ձեւավորված խորհրդարանական մեծամասնության պայմաններում Քոչարյանը չունի ավելի լավ թեկնածու իշխանության փոխանցման համար, քան վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Հետեւաբար, Քոչարյանը երբեք չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որը նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում կարող է ստեղծել ֆորսմաժորային իրավիճակ եւ տապալել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու ծրագիրը»։

Անցած ընտրություններում պարտություն կրած քաղաքական ուժերի եւ գործիչների համար բնութագրական համարելով «սեփական անհաջողության մեղքը ժողովրդի ուսերին բարդելու եւ նրան կաշառվող ու պատեհապաշտ համարելով՝ ինքնաարդարացման ուղիներ փնտրելու ձգտումը»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը եզրակացրել է. - «Նման մտայնությունը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ օտարների մոտ թյուր պատկերացում է ստեղծում հայ ժողովրդի բարոյական նկարագրի վերաբերյալ, այլ որովհետեւ խանգարում է ինքնագոհ սիրամարգի կեցվածք ընդունող այդ քաղաքական գործիչներին՝ հայելու մեջ տնտղելու սեփական կերպարանքը։ Այնինչ, նման ինքնազննումը կարող էր խիստ օգտակար լինել սեփական նկարագրի թերություններն ու արատները հայ ժողովրդի բարոյական նկարագրի վրա «սաղացնող» բոլոր քաղաքական գործիչների, այդ թվում եւ նրանց համար, ովքեր ներկայումս փորձում են դատավորի դեր ստանձնել սեփական ժողովրդի հանդեպ»։

Ապագա կառավարության ուրվապատկերը գծագրելով` «Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Ըստ ամենայնի, Քոչարյանն ու վարչապետը, տեսնելով, որ Ազգային ժողովի ընտրությունների «աբիժնիկները» մանրից ինտեգրվում են «Իմպիչմենտի» հանրահավաքներին, որոշել են կազմել արհեստավարժների կառավարություն։ Կարող են, օրինակ, ձեռք չտալ ՄԱԿ-ի մշակույթի նախարարուհուն կամ, ասենք, Գուրգեն Արսենյանին որեւէ գծով նախարար նշանակել։ Դեմիրճյանին ու Գեղամյանին էլ երեւի որեւէ բան հասնի... Սերժի գլխավոր պրոբլեմը, փաստորեն, եղել եւ մնում է դաշնակցությունը։ Պատերազմի կուսակցությունն էն գլխից երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ եւ պաշտպանության նախարարի պորտֆելն է շարունակաբար ու հետեւողականորեն պահանջում»։ «Այդուհանդերձ», - շարունակել է խմբագիրը, - «Դաշնակցության շարքերում ռազմիկներից բացի՝ նաեւ արհեստավարժներ կան, որոնք պատրաստ են նաեւ ընդունելության քննություններով բավարարվել, մանավանդ որ՝ ընդունելության քննություններին մնացել են հաշված օրեր»։

«Իսկական իրավունք»-ի խմբագրականը, իր հերթին, փաստագրել է. - «ՀՀԿ-ի սակարկությունները ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ շարունակվում են, քանզի այդ երկու կուսակցություններից յուրաքանչյուրը ձգտում է կամ ստանալ առավելագույնը, կամ ՀՀԿ-ի հետ մեկտեղ չմտնել պատասխանատվության բեռի տակ եւ հարկադրված չլինել նախագահական ընտրություններում զրկված լինելու այլընտրանքից։ Ու թեեւ արդեն այդ կուսակցություններին ՀՀԿ-ն առաջարկում է ավելի մեծ քվոտաներ, քան սկզբում, այնուամենայնիվ բավականին հավանական է , որ ՀՀԿ-ն հարկադրված լինի միայնակ կազմել կառավարությունը»։

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով, երկար բանակցություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «որոշել են Ազգային ժողովի նախագահի պաշտոնը տալ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին. - «ՀՅԴ-ն ԱԺ-ում կունենա փոխնախագահի պաշտոն եւ 2-3 նախարարի պորտֆելներ»։ «Հավանական է, որ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Այսպիսի առաջարկ նրան արվել է, սակայն, Հովսեփյանը «ոտքը կախ է գցում», - պնդել է թերթն ու, հղում անելով իր աղբյուրներին, հավելել, թե «փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու է «ժողպատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, կզբաղեցնի գյուղնախարարի պաշտոնը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG