Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության նախարարը պահել է խոստումը եւ սափրվել է


Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Հրիցենկոն, որը չէր հավատում, որ պետությունն այնուամենայնիվ կբարձրացնի զինծառայողների աշխատավարձը եւ խոստացել էր սխալ գտնվելու դեպքում սափրել մորուքը՝ պահել է սպայի խոստումը եւ սափրվել է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, կառավարությունն ապրիլի 1-ից մեկեւկես անգամ բարձրացրել է զինծառայողների աշխատավարձը, սակայն նրանք միայն այս օրերից են սկսել ավելի բարձր դրույքով ռոճիկ ստանալ:

Նախարարն ասել է, թե արտաքինի փոփոխությունը որոշակի անհարմարություն է պատճառում, սակայն շատ ավելի կարեւոր է այն, որ իշխանություններն ընդառաջել են բանակին:

Նա ասել է, որ 2006 թվականի նոյեմբերից մինչեւ 2007-ի մարտ ամիսը ամեն օր ստացել է ծառայությունից հրաժարվելու մասին մի քանի տասնյակ դիմումներ:

«Հիմա ես երեք օրը մեկ անգամ եմ այդպիսի դիմում ստորագրում, վիճակագրության հետ ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ դիմումների թիվը տասնյակ անգամներ նվազել է», - ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերի պայմանագրային զինվորը հետայսու ստանում է նվազագույնը 849 հրիվնա, ինչը հավասար է մոտ 170 ամերիկյան դոլարի: Կրտսեր սպան՝ դասակի հրամանատարը, լեյտենանտը կստանա 1690 հրիվնա՝ 338 դոլար, պրապորշչիկը՝ 1200-ից 1360 հրիվնա, կապիտանը՝ 1800, մայորը` 1900, փոխգնդապետը 2000, գնդապետը 2200: Գեներալների աշխատավարձը 4600-5000 հրիվնա է, ինչը հավասար է շուրջ 1000 ամերիկյան դոլարի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG