Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Բանակցություններում քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը»


Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտնել է, որ ներկայումս հայ-֊ադրբեջանական բանակցություններում քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը:

«Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի Լեռնային Ղարաբաղին հարող շրջանները վերադարձվեն ինչ֊-որ պայմաններով: Ադրբեջանը թույլ չի տա փոխել Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, եւ այդպես կլինի միշտ: Այդ ճանապարհը կարող է օգտագործվել համատեղ: Բանակցություններում պետք է համաձայնեցվեն այդ ճանապարհի օգտագործման պայմանները»,֊ - ասել է Ազիմովը:

«Տարածքների ազատագրումից հետո դրանք պետք է մաքրվեն ականներից, եւ Ադրբեջանը դա կանի միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Վերականգնման աշխատանքներից հետո կսկսվի բնակչության վերադարձի գործընթացը: Նախնական փուլում անհնար է քննարկել Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի հարցը: Իսկ որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղին հարող տարածքներ, անհրաժեշտ է լուծել անվտանգության ապահովման հարցը: Մինչեւ անվտանգության հարցերը չլուծվեն, անհնար է քննարկել ինքնավարության հարցը»,֊ - կարծիք է հայտնել ադրբեջանցի դիվանագետը:

Ըստ APA գործակալության՝ խոսելով հանրաքվեի մասին, Արազ Ազիմովը պնդել է, որ համաժողովրդական քվեարկությունը հնարավոր է միայն ողջ հանրապետության տարածքում:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում, Արազ Ազիմովը փաստել է, որ հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել: «Մենք սպասում ենք Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին»,֊ - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG