Մատչելիության հղումներ

Մերզլյակով. «Քոչարյանը համաձայնել է հանդիպել Ալիեւի հետ»


ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն այսօր հայտնեց, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է հանդիպել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ՝ հունիսի 10֊-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-֊ի գագաթնաժողովում:

Մերզլյակովը հույս հայտնեց, որ Բաքվում, ուր համանախագահներն ուղեւորվում են Երեւանից, նրանք կստանան նաեւ Ադրբեջանի ղեկավարի համաձայնությունը:

Երեկ Յուրի Մերզլյակովը եւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հանդիպել են Հայաստանի ղեկավարության հետ:

Նրանք այսօր հայտնեցին, որ հայաստանյան հանդիպումներում, հիմնականում, քննարկվել են սկզբունքային հարցերը, եւ, իրենց կարծիքով, որոշակի առաջընթաց կա: Մերզլյակովը հույս հայտնեց, որ Բաքվում կայանալիք հանդիպումների ընթացքում եւս «զարգացումներ կլինեն»:

Համանախագահների խոսքերով, շատ բան կախված է Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպումից, եւ եթե այն լինի արդյունավետ, ապա հույսեր կլինեն, որ մինչեւ տարվա վերջ որոշակի սկզբունքային հարցերում համաձայնություն ձեռք կբերվի: Մինչ այդ հնարավոր է նաեւ երկու երկրների նախագահների եւս մեկ հանդիպում:

«Մենք աշխատում ենք կարգավորման հիմնարար սկզբունքների վրա: Եթե դրանք համաձայնեցվեն, հիմք կստեղծվի արդեն փորձագետների մասնակցությամբ խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատելու համար»,֊ - ասաց Մերզլյակովը, հավելելով, որ «համանախագահները հույս ունեն, որ այդ փաստաթուղթը կլինի արդար, հավասարակշռված եւ փոխզիջումային»:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքերով, «չհամաձայնեցված հարցերի շրջանակը նեղանում է` ընդամենը 3֊-4 հարցերում կան չհամաձայնեցված տարրեր»: Միաժամանակ, ինչպես ընդգծեց Մերզլյակովը, «ասել, թե մնացած հարցերի շուրջ ամբողջական համաձայնություն է ձեռք բերվել, նույնպես չի կարելի»:

Բեռնար Ֆասիեն, իր հերթին, շեշտեց, որ եթե մինչեւ տարեվերջ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա, ինչպես եւ մի քանի տարի առաջ, բանակցային գործընթացում կլինի «դադար»` կապված նախ Հայաստանում, ապա Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ:

«Համաձայնություն ձեռք բերելու համար օբյեկտիվ պայմաններ ստեղծված են` գրեթե 90 տոկոսով: Սուբյեկտիվ գործոնները պայմանավորված են կողմերի` դժվար որոշումներ կայացնելու քաղաքական կամքով, գուցեեւ` քաղաքական խիզախությամբ», - հայտարարեց Յուրի Մերզլյակովը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG