Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյանը ցանկանում է չորրորդ անգամ ստանձնել նախարարի պաշտոնը


Լեւոն Մկրտչյանը ցանկանում է չորրորդ անգամ ստանձնել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը:

«Ես երրորդ անգամ պաշտոնը ստանձնելիս` ասել եմ. «Մարդ պիտի մեծ- մեծ չխոսի»: Այո, ցանկություն ունեմ աշխատելու, որովհետեւ ոլորտում ծրագիրը նոր ենք սկսել եւ առաջին հաջողություններն ակնհայտ են: Վերջերս Լոնդոնում էինք, եւ բոլորն արձանագրեցին մեր մեկ տարվա հաջողությունները»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելը, ըստ նրա, կախված է ՀՅԴ կուսակցության որոշումից:

«Եթե Դաշնակցությունը որոշի մաս կազմել կոալիցիայի եւ հարմար գտնի, ես կշարունակեմ աշխատանքը, եթե որոշում կայացրեց այլ ձեւով` կենթարկվեմ որոշմանը»,֊ - նշել է Լեւոն Մկրտչյանը:

«Բայց անկախ ամեն ինչից, հունիսի մեկին նախատեսված հայոց լեզվի` դպրոցի ավարտական եւ ընդունելության միասնական կենտրոնացված քննությունը ես կփորձեմ առաջ տանել, որովհետեւ պատասխանատվությունն ինձ վրա է», - եզրափակել է նա:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ՀՅԴ-ին կառավարությանը մաս կազմելու առաջարկ է արվել, ասաց, որ հիմա «քննարկումների մեջ են» եւ ինքը չի ցանկանում «հընթացս մեկնաբանություններ անել»:

«Առաջարկներ եղել են, այո», - այդուհանդերձ, ասաց Ռուստամյանը: - «Բայց մենք հիմա չենք կարող որեւէ հստակ բան ասել»:

Երեկ` ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցի հետ հանդիպման ժամանակ, Հանրապետական կուսակցության ղեկավար, վարչապետ Սերժ Սարգսյանը ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է ե'ւ կառավարությունում, ե'ւ Ազգային ժողովում առավելագույնս ներգրավել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի` ձեւավորելու «ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG