Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը հրապարակել է Գուլյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքները


Այսօր Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Լեւոն Գուլյանի մահվան հետ կապված ծառայողական քննության նախնական արդյունքները:

Հաղորդագրության մեջ ասված է. - «Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցներում եւ հասարակության մեջ շարունակում են Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները շահարկվել՝ հանիրավի որակումներ տալով ոստիկանության որոշ աշխատակիցների, ինչպես եւ չարամտորեն անվանարկելով ոստիկանությունն ընդհանրապես, հարկ ենք համարում հրապարակել ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննության նախնական արդյունքները:

2007 թ. մայիսի 9-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երեւանի Մանանդյանի փողոցի թիվ 17 շենքի առաջին հարկում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջեւ վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ հրազենի գործադրմամբ սպանվել է Ստեփան Գագիկի Վարդանյանը: Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները: Նույն օրը Շենգավիթ համայնքի դատախազությունում փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության շրջանակներում մայիսի 10-ին, ի թիվս այլ անձանց, ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել «Պանդոկ» ռեստորանի սեփանակատեր Լեւոն Աշոտի Գուլյանը: Հիմնավորված է, որ իր ռեստորանի մուտքի մոտ տեղի ունեցող տեւական վիճաբանության ձայների վրա Լ. Գուլյանը դուրս է եկել ու մոտեցել վիճաբանողներին: Այդ ընթացքում հնչել են կրակոցներ: Ստեփան Վարդանյանի դիակը հայտնաբերվել է «Պանդոկի» մուտքից մոտ 1,5 մետրի վրա, ավելին՝ սպանվածի կողքին հայտնաբերվել է Լ. Գուլյանի բջջային հեռախոսի մարտկոցը: Այնպես որ, առավել քան բավարար ապացույցներ կային, որ նա առնչություն է ունեցել սպանությամբ ավարտված միջադեպին:

Ոստիկանության Շենգավիթի բաժնում Լեւոն Գուլյանի հետ զրուցել է ՀՀ ոստիկանության ՔՀՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Թամամյանը՝ դատախազության եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, այնուհետեւ Գուլյանը հրավիրվել է Շենգավիթ համայնքի դատախազություն, որտեղ հարցաքննվել է եւ ազատ արձակվել: Հարկ է նշել, որ հարցաքննությունների ժամանակ Լ. Գուլյանը թաքցրել է գործին առնչվող կարեւոր հանգամանքներ եւ սպանությոնը կատարող անձանց ինքնությունը:

Լեւոն Գուլյանը, նախաքննության մարտավարությունից ելնելով, մայիսի 12-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժնից նրան ուղեկցել են ՔՀՎ անձի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման բաժնի աշխատակիցները: Ժամը 14.30-ին, սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ ոստիկանության վարչական շենք մուտք գործելու հայտագիր եւ անցագիր լրացնելուց հետո, Գուլյանը ուղեկցվել է ՔՀՎ 2-րդ վարչության առաջին բաժնի պետի աշխատասենյակ:

Շուրջ 30 րոպե Լ. Գուլյանի հետ զրուցելուց հետո բաժնի պետը դուրս է եկել սենյակից՝ արդյունքները ՔՀՎ ղեկավարությանը զեկուցելու համար, ինչից հետո Գուլյանը աշխատասենյակում գտնվող ՔՀՎ 2-րդ վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով նրա բացակայությունից, ժամը 15.20-ի սահմաններում, փորձել է փախչել սենյակի պատուհանից եւ այդ ընթացքում վայր է ընկել: Մինչ շտապ բուժօգնության ժամանելը ոստիկանության աշխատակիցները փորձել են օգնություն ցուցաբերել նրան, սակայն Լ. Գուլյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ ոստիկանության շտաբի կողմից համատեղ իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՔՀ վարչությունում գտնվելու ընթացքում Լ. Գուլյանի հետ առնչվել եւ զրուցել են միայն ՔՀՎ անձի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման բաժնի աշխատակիցները:
ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննության նախնական արդյունքներով հիմնավորվել է, որ ՔՀ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Թամամյանը մայիսի 10-ից ի վեր Լեւոն Գուլյանի հետ որեւէ առնչություն չի ունեցել:

Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննությունը շարունակվում են: Ընթացքի մեջ է նաեւ Ստեփան Վարդանյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում սպանության հանգամանքները ճշտելու եւ մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ուստի կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ կանխակալ գնահատականներից, որակումներից ու շահարկումներից՝ համոզված, որ քննության արդյունքներով կտրվի օբյեկտիվ իրավական գնահատական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG