Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ընտրակեղծիքների վերաբերյալ փաստերը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցությանը


Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն»-ը, որը նորընտիր խորհրդարանում նվաճել է 7 մանդատ, ընտրակեղծիքների վերաբերյալ ունեցած փաստերը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցությանը` Սահմանադրական դատարան ներկայացնելու համար:

«Եվ պատրաստ ենք տրամադրել ցանկացած կուսակցության, որը կդիմի մեզ` Սահմանադրական դատարան դիմելու նպատակով», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պարզաբանելով նաեւ, թե ինչու «Ժառանգությունը»-ը ինքը չի դիմում ՍԴ. - «Որովհետեւ, մեր կարծիքով, մեր ձեռքի տակ եղած փաստերը իրենց ամբողջության մեջ իրավական բավարար հիմք չեն ապահովում` Սահմանադրական դատարանում վիճարկելու ընտրությունների արդյունքները»:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Կարեն Ավագյանի հետ բանավեճի ընթացքում Խուրշուդյանը կրկին հնչեցրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը համակարգային փոփոխությունների կողմնակից է եւ անգամ` մանդատները վայր չդնելու դեպքում պատրաստ է համագործակցել նաեւ իշխանական ուժերի հետ` «եթե իրագործվող ծրագրերը կնպաստեն հանրությանը»:

Ընտրակեղծիքների մասին հայտարարությունները տարօրինակ թվացին ՀՀԿ-ի ներկայացուցչի համար:

«Ես ուղղակի զարմանում եմ, որ մեր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն է դա ասում` այսօր անցնելով խորհրդարան», - ասաց Ավագյանը` շարունակելով: - «[«Ժառանգություն»-ը] Փորձում է այսօր պիտակավորել ընտրության արդյունքները: Ընդհանրապես ընդունված է` եթե դուք կասկածում եք ընտրությունների արդյունքները, դուք պետք է հրաժարվեք ձեր մանդատներից»:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պնդումներին, թե մայիսի 12-ի քվեարկության արդյունքներով, իրենք իրականում ստացել էին 250 հազար քվե (պաշտոնապես «Ժառանգութան» օգտին քվեարկել է շուրջ 81 հազար ընտրող), Կարեն Ավագյանը հայտարարեց, թե դա ուղղակի «նախընտրական եւ հետընտրական հնարք է` որոշակի ընտրազանգվածին իրենց կողմը պահելու»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG