Մատչելիության հղումներ

logo-print

Բորիս Ֆռլեց. «Մայիսի 12-ի ընտրությունները հստակ քայլ էր դեպի առաջընթաց»


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանը նոր չափանիշ սահմանեց առաջիկա ընտրությունների համար, դա հստակ քայլ էր դեպի առաջընթաց: Այդ մասին հայտարարել է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը այսօր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Դեսպան Ֆռլեցը նշել է, որ իր գլխավորած դիտորդական առաքելությունն արդեն հրապարակել է ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացությունը եւ այժմ աշխատում է ամփոփիչ փաստաթղթի վրա, որտեղ, ըստ նրա, հնարավորինս հանգամանորեն կներկայացվեն դիտարկումների արդյունքները, այդ թվում՝ նկատված թերություններն ու դրանց շտկմանն ուղղված առաջարկությունները:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելությանը՝ անաչառ եւ օբյեկտիվ գնահատականների համար, եւ նշել է, որ ընտրական գործընթացից ու ընտրությունների արդյունքից, ընդհանուր առմամբ, գոհ լինելով, Հայաստանի իշխանությունները համարում են, որ ընտրություններն ամբողջությամբ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար դեռեւս անելիքներ կան: Նա վստահեցրել է, որ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի հրապարակումից հետո այնտեղ նշված բոլոր թերություններն ու առաջարկները հանգամանորեն կուսումնասիրվեն:

Վարչապետն ասել է, որ այս ընթացքում առաջին գործը՝ եղած խախտումների քննության նկատմամբ հետեւողական մոտեցումն է, դրանք ավարտին հասցնելը:

Սերժ Սարգսյանը վերստին հավաստիացրել է, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է առավելագույնս ներգրավել խորհրդարանական ու արտախորհրդարանական կարող ուժերի՝ այդպիսով ձեւավորելով ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն: Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG