Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան Լիտվինենկոյի սպանության համար մեղադրում է ՊԱԿ-ի նախկին գործակալ Լուգովոյին


Ռուսաստանցի գործարար, Պետական անվտանգության կոմիտեի նախկին գործակալ Անդրեյ Լուգովոյին մեղադրանք կառաջադրվի Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության համար: Այդ մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը:

«Ես այսօր հանգեցի այն եզրակացությանը, որ ոստիկանության` մեզ ուղարկած ապացույցները բավարար են կանխամտածված թունավորման միջոցով Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մեջ Անդրեյ Լուգովոյին մեղադրանք առաջադրելու համար», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` ասել է բրիտանական դատախազության տնօրեն Քեն Մըքդոնալդը:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, իր հերթին, հայտարարել է, թե Լուգովոյին չի հանձնի Մեծ Բրիտանիային:

«Համաձայն ռուսաստանյան օրենսդրության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող հանձնվել օտարերկրյա պետության», - «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Ռուսաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան:

Ռուսաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է անցած տարվա նոյեմբերին Լոնդոնում` ռադիոակտիվ պոլոնիումից թունավորման հետեւանքով:

Կրեմլի կատաղի քննադատ Լիտվինենկոն մահից առաջ հայտարարություն էր գրել, որում իր հետ պատահածի համար մեղադրում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պաշտոնական Մոսկվան այդ պնդումը որակել էր «ծիծաղելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG