Մատչելիության հղումներ

«Դաշինք»-ի համոզմամբ, մայիսի 12-ի ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար


«Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածի գործընթացները, ինչպես նաեւ քվեարկության օրը բազմաթիվ տեղամասերում արձանագրված ընտրական խախտումները փաստում են, որ ընտրությունները չեն կարող դիտարկվել իբրեւ ազատ եւ արդար, հետեւաբար` արդյունքներն էլ չեն արտահայտում ժողովրդի կամքը», - ասված է «Դաշինք» կուսակցության քաղաքական խորհրդի այսօրվա հայտարարությունում:

«Ընտրությունների արդյունքները դրական գնահատող ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, ըստ էության, ոչ միայն չէին տիրապետում ընտրություններին նախորդած ժամանակահատվածում տեղի ունեցող իրավախախտումներին, օրինակ` մինչ պաշտոնական քարոզարշավի սկիզբը ընդդիմադիր տարբեր ուժերի հանդեպ տեղեկատվական շրջափակման կիրառմանը, այլեւ ինչ-ինչ պատճառներով սկսեցին աչք փակել բուն ընտրության ընթացքում կատարվող բազմաթիվ իրավախախտումների վրա», - հայտարարում է «Դաշինք»-ը:

Կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ Հայաստանում գործող օրենքների շրջանակներում անհնար է անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ. - «Փորձը ցույց տվեց, որ կրկնակի ընտրությունների, ընտրակաշառքի բաժանման եւ այլ իրավախախտումների մասին ոչ մի կուսակցություն չի կարողացել ձեռք բերել փաստաթղթերի լրջագույն փաթեթ, որի պատճառն անկատար օրենքներն են»:

Միաժամանակ, «Դաշինք»-ը շեշտում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի անհաջողությունները պայմանավորված էին «իրենց իսկ կողմից որդեգրած սխալ ռազմավարությամբ»:

«Դաշինք» կուսակցությունը 2006 թվականի փետրվար ամսից բանակցություններ էր վարում ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի հատվածի հետ` հորդորելով միավորվել եւ ստեղծել մի քանի գաղափարական բլոկներ` ընտրողներին հնարավորություն տալով առավել հեշտ կողմնորոշվել: Դեռ այն ժամանակ այդ բանակցություններում մեր հնչեցրած մտահոգությունները` ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները չփոշիացնելու շուրջ, ըստ էության, լուրջ չէին ընկալվում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր առջեւ խնդիր էր դնում պարզապես հաղթահարել 5 տոկոսի արգելքը եւ ոչ թե ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորել», - ասված է փաստաթղթում:

Այդուհանդերձ, «Դաշինք»-ը հույս է հայտնում, որ «առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում հիշյալ ուժերը կցուցաբերեն առավել մեծ պատասխանատվություն, չեն կրկնի նախկին սխալները եւ կմիավորվեն գաղափարների շուրջ ոչ թե ընդդեմ, այլ հանուն սկզբունքով, որ նախագահի թեկնածուների ծրագրերը բաղկացած կլինեն ոչ թե հայհոյախառն արտահայտություններից, այլ երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական մարտահրավերները լուծելու մեխանիզմներից, եւ որ նախագահի թեկնածուների շուրջ համախմբված քաղաքական ուժերն իրենց կողմից սատարվող թեկնածուի գաղափարախոսության կրողը կլինեն»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը, «Դաշինք»-ը նախագահի սեփական թեկնածու չի առաջադրելու, այլ պաշտպանելու է «ազատական գաղափարներ կրող որեւէ քաղաքական գործչի»:

«Այն թեկնածուին, որի ծրագրերը գոնե մոտ կլինեն «Դաշինք» կուսակցության ծրագրերին», - ասաց Ղլեչյանը:

Մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսի շեմը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG