Մատչելիության հղումներ

Հայաստանցիների ավելի քան 40 տոկոսը լավատես է ապագայի նկատմամբ


Հայաստանցիների ավելի քան 40 տոկոսը համոզված են, որ երկրի քաղաքացիների հաջորդ սերնդի կյանքն ավելի բարեկեցիկ ու անվտանգ կլինի, քան ներկայիս սերնդինը: Այդ են վկայում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցումը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը անցկացրել է 29 պետություններում` 29 հազար մարդու շրջանում:

Հայաստանում անցկացված հետազոտության մասնակիցների մոտ մեկ երրորդը համարում է, որ ներկայումս երկրի տնտեսական կացությունը ավելի լավ է, քան 1989 թվականին էր. այս տեսակետին են հակված հատկապես 18-34 տարեկանները:

Հայաստանցիների մոտ 40 տոկոսը, հակառակը, պնդում է, որ վերջին 18 տարիներին տնտեսական կացությունը երկրում զգալիորեն վատացել է:

Հարցվածների 40 տոկոսից ավելին համոզված է, որ 1989 թվականի համեմատ քաղաքական իրավիճակը Հայաստանում բարելավվել է: Այնուհանդերձ, 50-ից բարձր տարիքի հայաստանցիների երկու երրորդը համոզված է, որ քաղաքական կացությունը երկրում որեւէ դրական տեղաշարժ 1989-ի համեմատ չի արձանագրել:

Երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը` մոտ 75 տոկոսը, համոզված է, որ 1989-ից հետո կոռուպցիայի մակարդակը աճել է, ընդ որում, այս տեսակետը գերակշռող է սոցիալական եւ տարիքային բոլոր խմբերում:

Որպես ժամանակակից Հայաստանի ամենակոռումպացված ոլորտներ` հարցվածները նշում են առողջապահական համակարգը, Պետավտոտեսչությունն ու կրթական հաստատությունները:

Պետական ու հանրային ինստիտուտներից հայաստանցիները ամենաշատը վստահում են զինված ուժերին` բանակի վստահության վարկանիշը մոտ 70 տոկոս է: Հանրապետության նախագահի` որպես պետական հիմնարար ինստիտուտներից մեկի, վստահության վարկանիշը ընդամենը 20 տոկոս է: Կառավարությանը վստահում է բնակչության 12, իսկ խորհրդարանին` ընդամենը 10 տոկոսը:

Ժողովրդավարությունը որպես կառավարման արդյունավետ մեխանիզմ է ընկալում բնակչության մոտ կեսը:

Ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության համադրությունը որպես քաղաքական ու տնտեսական կառավարման լավագույն ձեւ ընկալում է Հայաստանի բնակիչների 25 տոկոսը: Հայաստանցիների 10 տոկոսը կգերադասեր քաղաքացիական ազատությունները համադրել պլանային տնտեսության հետ: Բնակչության մոտ 4 տոկոսն էլ համոզված է, որ Հայաստանը կառավարելու լավագույն ձեւը քաղաքական ավտորիտար համակարգ ու շուկայական տնտեսություն ունենալն է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG