Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դեռ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մի կարգին չամփոփած` նախագահության 4-5 «միասնական թեկնածուներ» հայտնվեցին», - գրում է «Չորրորդ իշխանության» մեկնաբանը: «Բոլոր նրանք, ովքեր այսօր հայտարարում են, թե անպայման առաջադրելու են իրենց թեկնածությունը եւ մյուսներին կոչ են անում համախմբվել իրենց շուրջը, պարզապես օգնում են, որ Սերժ Սարգսյանն առանց պրոբլեմի դառնա նախագահ», - պնդում է մեկնաբանը` ամփոփելով. - «Վարձատրվում են դրա համար թե ոչ` դժվար է ասելը: Բայց, օրինակ, նրա թուշը պաչող ու «վույ, բալա ջան» ասող տատիկները վարձատրվում էին»:

Պնդելով, որ «ղարաբաղյան բանակցային պատուհանն արդեն բաց է»` «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը փաստարկել է. - «Քանի որ 2008-ի սկզբից Հայաստանը մտնելու է նախագահական ընտրարշավի մեջ, Մինսկի խմբի համանախագահներն ու բանակցությունների անմիջական կողմերը պետք է փորձեն տեղավորվել առաջիկա ամռան երեք ամիսների շրջագծում»։ «Դրա համար էին համանախագահները շարունակում երկու երկրների արտգործնախարարների շփումները՝ ընդհուպ մինչեւ մայիսի 12-ի ընտրությունների օրը», - գրել է վերլուծաբանն ու բխեցրել. - «Չնայած նրան, որ տարածաշրջանի շուրջ ծավալվող մեծ խաղի անավարտ լինելու փաստը կրկին նվազեցնում է ղարաբաղյան բանակցային գործընթացում ճեղքում արձանագրելու հավանականությունը, այդ գործը իրենց ուսերին վերցրած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում փորձելու են ամեն ինչ անել՝ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու համար»։

Գնահատելով փաստը, որ «ռուսաստանցի բազմաթիվ դիտորդներ, որոնք ԱՊՀ-ի կողմից աշխատում էին Հայաստանում, ոչ մի խախտում չեն արձանագրել եւ կայացած ընտրություններն օրինակելի են գնահատել»` «168 ժամ» թերթի մեկնաբանը եզրակացրել է. - «Այսպիսի վերաբերմունքը միանգամայն օրինաչափ է։ Մոսկվային ձեռնտու է Հայաստանի ներկայիս իրավիճակը, միջպետական բազմակողմ հարաբերությունների մակարդակը, ուրեմն էլ ինչո՞ւ որեւէ բան փոխել։ Բոլորովին էլ փաստ չէ, որ Հայաստանում ներքին փոփոխությունները ռուս-հայկական հարաբերությունները կբերեն որակական նոր մակարդակի, եւ ոչ հակառակը՝ կվատթարացնեն։ Իսկ դա Մոսկվայի պլանների մեջ չի մտնում, քանի որ Հարավային Կովկասում նա ընդամենը կանխատեսելի մի գործընկեր ունի»։

Անդրադառնալով 2008 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններին` «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը շեշտադրել է. - «Այսօր արդեն ընդդիմադիր գործիչները պետք է հայտարարեն միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալուն ուղղված աշխատանքներ սկսելու մասին»: «Ընդ որում, այդ միասնական թեկնածուն պետք է լինի ոչ թե անձնական արժանիքների, այլ համաձայնության մարմնացում, եւ այդ համաձայնությունը պետք է լինի ոչ թե կուլիսային - բանավոր, այլ հրապարակային - գրավոր», - պնդել է խմբագիրն ու բխեցրել. - «Բայց այս խնդիրը լուծելու համար ընդդիմադիր լիդերները ոչ թե հավակնություններ պետք է ցուցաբերեն, այլ հրաժարվեն հավակնություններից, ինչը նրանցից յուրաքանաչյուրին հնարավորություն կտա առաջինը լինել ոչ թե սեփական, այլ ընդդիմադիր թիմի եւ հանրության որոշմամբ։ Եվ այստեղ է, որ իսկապես անհրաժեշտ է առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»։

«Իսկական իրավունք» թերթի խմբագրականը, պնդելով, որ «ՀՀԿ-ն այժմ պաշտոնների հարցում վարում է «էստի համեցեք» ասելու քաղաքականություն», հիմնավորել է. - «Բանն այն է, որ ինչքան էլ համոզիչ լինեն ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունները եւ ինչքան էլ միջազգային դիտորդները գովաբանեն խորհրդարանական ընտրությունները, միեւնույն է՝ ՀՀԿ-ի վերնախավում շատ լավ գիտեն, թե ինչ գնով են հասել այդ հաջողությանը։ Եվ այն, ինչ գիտեն իրենք, գիտի նաեւ հանրությունը։ Իսկ բոլորի իմացածը հետեւյալն է. ՀՀԿ-ն հազիվ ունենա 100 հազար հոժարակամ քվեներ, շուրջ 150 հազար քվեներ վարչական ռեսուրսի կիրառման եւ լավ քողարկված ընտրակեղծիքի արդյունք են, իսկ քվեների հիմնական զանգվածը պարզապես գնված է... Իսկ Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար անհրաժեշտ են բացարձակ քվեներ, այն էլ այնպիսի, որոնք հնարավոր չլինի անվանել ակնհայտորեն կեղծված»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG