Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Լեւոն Գուլյանի հուղարկավորությունը


Երկուշաբթի օրը տեղի ունեցավ մայիսի 12-ին Ոստիկանության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի հուղարկավորության արարողությունը:

Գուլյանի հարազատները չեն ընդունում ոստիկանության վարկածը, թե որպես վկա ոստիկանություն եկած Լեւոնը ինքնասպանություն է գործել: Նրանք հայտարարել էին, որ հողին չեն հանձնի աճյունը, քանի դեռ անկախ փորձագետների մասնակցությամբ չեն պարզվել Լեւոն Գուլյանի մահված իրական պատճառները:

«Ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի» նախաձեռնող խմբի հրավերով եվրոպացի անկախ փորձագետներ` գերմանացի Մարկուս Ռոդշիլդը եւ դանիացի Փիթեր Նեֆը անցկացրել են դատաբժշկական փորձաքննություն:

Արդյունքների հրապարակումը ակնկալվում էր շաբաթ օրը, սակայն, ինչպես լրագրողներին այդ օրը ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, փորձագետները «ինչ-որ պարտավորություններ են ստորագրել». - «Մի կարճ ժամանակ հետո նրանք իրենց եզրակացությունը կներկայացնեն: Բայց այսօր, չվտանգելով նախաքննության ընթացքը, նրանք խնդրեցին, որ չմասնակցեն ասուլիսին»:

«Ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի» նախաձեռնող խմբի անդամ, «Հույս» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը, ով հանդիպում էր ունեցել եվրոպացի փորձագետների հետ, ասաց, թե եզրակացության հրապարակումը հետաձգելը կապված է հետեւյալի հետ. - «Պատճառը ոչ թե օրենսդրության հետ պայմանավորված խնդիր է, այլ իրենց ժամանակ է պետք, որպեսզի գիստոլոգիայի (հյուսվածաբանական հետազոտության) պատասխաններն ունենան: Նրանք ասացին, որ իրենց եզրակացությունը կլինի մի քանի օրից` մաքսիմում մեկ շաբաթ»:

Հակոբյանը փոխանցեց նաեւ փորձագետների ասածը, թե որեւէ բարդություն իրենց «այցի եւ աշխատանքի հետ կապված» չի եղել:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտեց կատարվածը. - «Որովհետեւ ինչ-որ վարկածներ են բաց թողնում, թե ջուր է խնդրել, հետո պատուհանից թռել. նույնիսկ եթե դա էլ լինի, մարդուն ինչ վիճակի պետք է հասցնել, որ նա ստիպված երկրորդ հարկից թռնի, երբ կամավոր է եկել ոստիկանություն»:

Շաբաթ երեկոյան տեղի ունեցավ մոմերով սգո երթ` «Հաջորդը կարող ես լինել դու» կարգախոսով, Հանրապետության հրապարակից դեպի Ոստիկանության շենք:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG