Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները չեն հավատում, թե ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրություն ունեցող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները համոզված են, որ իրենց հայցերը չեն բավարարվելու:

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է մայիսի 26-ին: Թեեւ ընդդիմադիր ուժերի ղեկավարներից ոմանք պնդում են, որ «լուրջ փաստեր» ունեն ընտրակեղծիքների վերաբերյալ, նրանք չեն հավատում, թե ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները:

«Ապացուցելու համար, որ մենք համաձայն չենք եղել, որ կեղծիքներով են անցել ընտրությունները, իրավական բոլոր քայլերին դիմում ենք», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը` հավելելով. - «Կյանքով ես լիովին վստահ եմ, որ այս ընտրությունները անվավեր չեն ճանաչվի Սահմանադրական դատարանի որոշմամբ»:

Նույն համոզումն ունի նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` թեեւ նա նույնպես ասաց, որ այս շաբաթ դիմելու են Սահմանադրական դատարան եւ ներկայացնելու են «ընտրակեղծիքների վերաբերյալ լուրջ փաստեր». - «Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրական դատարանը կարող է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել: Ավելին` եթե Հայաստանը նման երկիր լիներ, միգուցե ես ընդդիմադիր չլինեի... Բայց այն փաստերը, որ մենք ներկայացնելու ենք, բոլորի համար էլ պարզ ու ակնհայտ են դարձնելու, թե ընտրությունները ինչ կերպ են խախտվել»:

Այս շաբաթ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտարարել են նաեւ «Իմպիչմենտ» դաշինքն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը:

Պայքարի իրավական ճանապարհից բացի, ընդդիմադիր ուժերը շարունակելու են նաեւ հանրահավաքները: Արամ Սարգսյանի փոխանցմամբ` ամեն ուրբաթ տեղի ունենալիք հանրահավաքներում «կներկայացնեն իրենց տեսակետները»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նաեւ հավանական է համարում քաղաքական ավելի լայն ուժերի միավորումը ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցի շուրջ. - «Որովհետեւ ընտրությունների արդյունքներից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները: Դժգոհ են նաեւ իշխանական մի շարք կուսակցությունները, որոնց հավաքած ձայները որեւէ նշանակություն չունեն իշխանության մաս կազմելու համար, եւ ներքին ընդվզում ունեն»:

Սարգսյանը ասաց, որ նկատի ունի Դաշնակցությանն ու «Բարգավաճ Հայաստան»-ին` հավելելով. - «Դա չի նշանակում, որ Դաշնակցությունը կամ «Բարգավաճ Հայաստան»-ը գալու է հարթակ կամ միանալու է մեզ: Բայց դա չի բացառում, որ իրենք էլ իրենց կողմից որոշակի գործընթացներ սկսեն... Եվ չի բացառվում, որ իրենց ընտրազանգվածն էլ մեր հանրահավաքներին մասնակցի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG