Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ռուսաստանը պետք է շատ մեծ դեր խաղա ղարաբաղյան կարգավորման գործում»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ողջունել է Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում եւ համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է «շատ մեծ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»:

Այսօր Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտնելով, որ քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները, եւ ընդգծելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահի ակտիվ դիրքորոշումը, Մամեդյարովը հայտարարել է. - «Մենք ողջունում ենք այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Գտնում ենք, ու Ռուսաստանը պետք է շատ մեծ, եթե ոչ` նույնիսկ առանցքային, դեր խաղա այդ հակամարտության կարգավորման գործում: Տվյալ դեպքում, գտնում ենք, որ Ռուսաստանը եղել, մնում եւ մնալու է կովկասյան պետություն, այսինքն` նա միշտ ներկա է լինելու տարածաշրջանում»:

Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականի վկայությամբ, Սերգեյ Լավրովը, իր հերթին, ասել է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ թե' կողմերը եւ թե' Մինսկի խմբի համանախագահները ինտենսիվորեն աշխատում են: Վստահ եմ, որ բոլոր կողմերից քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի հանգել բոլորի համար ընդունելի պայմանավորվածությունների: Ռուսաստանը` որպես Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամ, անում է ամեն ինչ, որպեսզի արդյունք լինի»:

Երկու երկրների արտգործնախարարները հայտարարել են նաեւ, որ վերջին տարիներին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ընդլայնվում են, առավել դինամիկ են դառնում:

«Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարեւորությունը Ռուսաստանի համար: Դրանք հենվում են դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից գցված ամուր հիմքի վրա», - ասել է, մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG