Մատչելիության հղումներ

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը


Երկուշաբթի օրը, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ կարճատեւ զրույցից հետո, դադարեցրել է հացադուլը անցած խորհրդարանական ընտրություններում պարտված թեկնածու, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:

Վարչապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ եկավ ժամը 14-ի սահմաններում, ջերմորեն բարեւեց Հակոբկոխյանին եւ ընդամենը մի քանի րոպե շշուկով զրուցեց նրա հետ: Վարչապետը հեռացավ` առանց հարցերին պատասխանելու:

«Ասաց, [գնա տուն], մի քիչ հանգստացի, որ ի վիճակի լինես քո մտքերը լրիվ ձեւակերպես: Կգաս, կնստենք, կզրուցենք», - Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին բռնցքամարտիկը: - «Էլի շնորհակալ եմ, որ այնպես չարեց, որ մահամերձ վիճակ լիներ մոտս»:

Հակոբկոխյանը անժամկետ հացադուլ էր սկսել մայիսի 16-ին` պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թիվ 11 ընտրատարածքում, որտեղ ինքը պարտվել է «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր Գրիգոր Մարգարյանին: Նա պնդում է, որ քվեարկությունն անցել էր բազմաթիվ ընտրախախտումներով:

Վարչապետի հետ հանդիպելու պահանջը Իսրայել Հակոբկոխյանը հնչեցրել էր ուրբաթ օրը:

«Իր մասին սուտ լուրեր են տարածել. թաղապետն է ասել, միլպետներն են ասել, որ` Սերժ Սարգսյանն է մեզ ստիպել: Ուղղակի որ Սերժ Սարգսյանը իրեն խայտառակությունից փրկի, ինքը պետք է մի հատ հանդիպի ու ինձ ապացուցի, որ իրանք իրանց գլխի են էդ բաներն արել», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հակոբկոխյանը:

Նույն` թիվ 11 ընտրատարածքում քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում հայտնված Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ), ով նույնպես համաձայն չէ հրապարակված արդյունքների հետ, այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG