Մատչելիության հղումներ

Կիրակի երեկոյան ժամը 20:15-ին մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրիի կենտրոնում` Տերյան փողոցում, ըստ նախնական տվյալների` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի, եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, թիվ 34 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատու Արտաշես Սարգսյանի որդու` Ռուստամ Սարգսյանի միջեւ:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սարգսյաններին պատկանող «Պեգաս» խանութից 10-15 մետր հեռավորության վրա:

Հարուցված է քրեական գործ, որը վարում է Շիրակի մարզի դատախազությունը:

Ժամը 21:00-ին մոտ փողոցի այդ հատվածը փակ էր, իրավապահ մարմիններն անցկացնում էին տեղազննություն: Դեպքի վայրում էր Շիրակի մարզի դատախազը, ով այդ պահին ոչինչ ասել չկարողացավ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին:

Ավտոմատ հրազենից արձակված գնդակների պարկուճների թիվը դեպքի վայրում գերազանցում էր երկու տասնյակը:

Ըստ նախնական տեղեկությունների, քաղաքապետի որդուն պատկանող «Համեր» մակնիշի մեքենան եւ մեկ այլ մեքենա, որի մակնիշը դեռեւս ճշտված չէ, քաղաքի տարածքում հետապնդել են Ռուստամ Սարգսյանին, ով եղել է «ջիպ»-ով: Հետապնդմանը հաջորդել է փոխհրաձգությունը:

Տեղազննության ժամանակ դեպքի վայրում որեւէ մեքենա չկար, եւ մասնակիցները փախուստի էին դիմել:

Ժամը 22:30-ի սահմաններում պարզվեց, որ «Համեր»-ը թաքցրել էին ավտոկայանի տարածքում` տնակներից մեկի բակում: Մեքենայի վրայից հանված էին պետհամարանիշները, իսկ դիմապակու վրա առկա էին փամփուշտի հետքեր:

Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ միջադեպի հետեւանքով վիրավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել 1978 թվականին ծնված մի երիտասարդ, ում անունը չհրապարակվեց: Հայտնի չէ` արդյոք նա պատահական անցո՞րդ էր, թե՞ փոխհրաձգությանը մասնակցած խմբավորումներից մեկի անդամ: Նա վիրավորվել է ոտքից, գնդակը վնասել է նրա նյարդային համակարգը, եւ ավելի ուշ տուժողին վիրահատելու էին:

Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաեւ Ռուստամ Սարգսյանը:

Մի քանի օր առաջ Սպարտակ Ղուկասյանի եւ Ռուստամ Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել. վարկածներից մեկը կապվում է անձնական, մյուսը` քաղաքական շարժառիթների հետ, ընդ որում, երկրորդն ավելի հավանական է համարվում:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահն է, իսկ Արտաշես Սարգսյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցի ղեկավարներից:

Ապրիլի 2-ի երեկոյան Աշտարակի պետավտոտեսչության հենակետի մոտ անհայտ անձինք կրակել էին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստից վերադարձող Վարդան Ղուկասյանի եւ նրան ուղեկցողների վրա, ինչի հետեւանքով զոհվել էին Գյումրիի քաղաքապետի երեք թիկնապահները, իսկ Ղուկասյանին հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն եւ վիրահատել:


Սաթենիկ Վանթյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG