Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը ամփոփեց մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Համաձայն դրանց, քվեարկությանը մասնակցել է 1391540 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվից 928182-ով պակաս:

Ամենաշատ ձայներ է ստացել Հանրապետական կուսակցությունը` 458258, եւ ապագա խորհրդարանում կունենա համամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավոր:

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը` 204483 քվեով. այս կուսակցությունը Ազգային ժողովում կունենա համամասնական ընտրակարգով ընտրված 18 պատգամավոր:

177907 ձայնով երրորդ տեղում է ՀՅ Դաշնակցությունը, որը խորհրդարան կմտնի 16 պատգամավորով:

«Օրինաց երկիր»-ը, ըստ վերջնական տվյալների, ստացել է 95324 քվե եւ խորհրդարանում կունենա համամասնական ընտրակարգով ընտրված 8 պատգամավոր:

Խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցած եւ 5-տոկոսանոց շեմը հաղթահարած «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է 81048 քվե եւ կունենա պատգամավորական 7 մանդատ:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների վերջնական արդյունքների վավերացման արձանագրության տակ հրաժարվեցին ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները:

Հաստատվեց նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին գրանցելու մասին որոշումը: Մեծամասնականով ընտրված 41 պատգամավորներից 23-ի թեկնածությունը պաշտպանում էր Հանրապետական կուսակցությունը, 7-ը ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան»-ը, մեկական` «Օրինաց երկիր»-ը եւ «Դաշինք»-ը, 9-ը առաջադրված էին քաղաքացիական նախաձեռնությամբ:

«Ընտրություններ, որոնց նախադեպը Հայաստանում չի եղել», - այսպես գնահատեց մայիսի 12-ի ընտրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG