Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիրներ մի շարք ուժեր պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները


Ուրբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրած ուժերի անունից «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հանդես են գալիս մայիսի 12-ի ընտրություններն անվավեր ճանաչելու միասնական պահանջով:

Ելույթ ունեցողները նշեցին, որ իրենց նպատակին հասնելու համար օգտագործելու են ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական պայքարի միջոցներ:

«Պետք է նշանակվի վերաքվեարկություն եւ այդ գործընթացին մասնակցեն միայն այն ուժերը, ովքեր պատրաստ են արդարության սկզբունքով պայքարել», - հայտարարեց հանրահավաքի մեկնարկին իր եռօրյա նստացույցը դադարեցրած Նիկոլ Փաշինյանը:

«Այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, վիճարկելի է, այդ իրավիճակը վիճարկվում է, եւ մենք այդ իրավիճակի հետ չենք համակերպվելու: Ամեն ինչ անելու ենք այդ իրավիճակը փոխելու համար: Այնպես որ, թող գրեն ցանկացած թվեր: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ «Իմպիչմենտ»-ին գրված ձայները նվիրում եմ Հանրապետական կուսակցությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ավելի վաղ ասել էր Փաշինյանը:

Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց նախաձեռնածը ժողովրդական շարժում է լինելու. միայն հանրահավաքներով չի սահմանափակվելու, պետք է ավելի մեծ ուժեր ներգրավել, աշխատել օտարերկրյա դիվանագետների հետ, ովքեր, նրանց կարծիքով, խաբված են:

«Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունների նախաձեռնությանը, հավելումն դեռ անցած հանրահավաքին ներկա Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), ուրբաթ օրը միացել էր նոր ուժ` «Օրինաց երկիր»-ը, որը, սակայն, ներկայացված չէր առաջին դեմքով. Ազատություն հրապարակի հարթակում էր «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

Հանրահավաքի ավարտին ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նպատակը, ըստ կազմակերպիչների, ավելի լայն զանգվածներին տեղեկացնելն է, որ իրենց շարժումը շարունակվում է:

Երկու միջոցառումներն էլ` հանրահավաքն ու երթը, արտոնված էին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG