Մատչելիության հղումներ

logo-print

Հելսինկյան միջազգային ընկերակցությունը հորդորում է Հայաստանի իշխանություններին պարզել Գուլյանի մահվան հանգամանքները


Վիեննայում գտնվող Մարդու իրավունքների Հելսինկյան միջազգային ընկերակցությունը բաց նամակով հորդորել է Հայաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները:

Ոստիկանությունը պնդում է, որ Գուլյանը, որը հրավիրվել էր որպես վկա իր ռեստորանի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի գործով, մայիսի 12-֊ին մահացել է փախուստ կատարելու փորձի արդյունքում կամ ինքնասպանություն է գործել:

Հելսինկյան ընկերակցությունը, սակայն, փաստում է, որ Գուլյանի ընտանիքի անդամների պնդմամբ՝ նախկին հարցաքննություններից նա վերադարձել է մարմնի վրա բռնության հետքերով, ինչը առիթ է տալիս ենթադրելու, որ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում:

«Նման կասկածները հիմնավոր են՝ հատկապես ոստիկանությունում մահվան կասկածելի այլ դեպքերի լույսի ներքո, նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ կտտանքները եւ ոչ պատշաճ վերաբերմունքը ոստիկանության կողմից մնում է լուրջ խնդիր, ինչպես նշված է Հանուն կտտանքների կանխման Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի վերաբերյալ 2004 թվականի զեկույցում եւ ընկերակցության հետ Հայաստանում համագործակցող կազմակերպությունների հաղորդագրություններում»,֊ - նշված է Հելսինկյան ընկերակցության նամակում:

«Ես խնդրում եմ ձեզ երաշխավորել, որ Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ անհապահ կանցկացվի անկախ հետաքննություն եւ դրա արդյունքները կհրապարակվեն: Եթե հայտնաբերվեն Գուլյանի մահվանը որտիկանության միջամտության ապացույցներ, ես հորդորում եմ ձեզ ապահովել, որ մեղավորները պատասխանատվության կանչվեն, կանգնեն դատարանի առջեւ եւ համարժեք պատիժ կրեն», -֊ ասված է բաց նամակում, որը ստորագրել է Մարդու իրավունքների Հելսինկյան ընկերակցության գործադիր տնօրեն Աարոն Ռոդսը:

Նամակը հասցեագրվել է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, արտգործնախարար Վարդան Օսկանյանին, օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, ԵԱՀԿ-֊ի պատվիրակություններին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեին եւ Հայաստանի Հելսինկյան ընկերակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG