Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը չի բացառում համաձայնության կառավարության ձեւավորումը


Ազգային ժողովի հանրապետական նախագահ Տիգրան Թորոսյանը չի բացառում, որ նոր կառավարությունը կարող է լինել ոչ այնքան կոալիցիոն, որքան համաձայնության, համագործակցության կառավարություն:

«Համագործակցության հնարավորությունները շատ են, ամենակարեւորը` որ իսկապես լիարժեք համագործակցություն լինի», - այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահը: - «Ինչքան ավելի շատ կուսակցություններ ներգրավված լինեն այդ համագործակցության մեջ, այնքան ավելի լայն կլինի բազմակարծությունը»:

Միաժամանակ, նա չմասնավորեցրեց, թե բացի Հանրապետականից` երկրի նախագահի հետ նոր կառավարության ձեւավորման նախնական բանակցությունները ո՞ր ուժերի հետ են ընթանում:

Այն հարցին, թե դե՞մ կլինի արդյոք Հանրապետականը, եթե երկրի նախագահը, այնուամենայնիվ, պնդի, որ պաշտպանության նախարարի պորտֆելը տալիս է Դաշնակցությանը, Տիգրան Թորոսյանը արձագանքեց. - «Երկու նախարարություններ կան, որոնց ղեկավարներին, փաստորեն, որոշում է հանրապետության նախագահը: Հետեւաբար, ինչո՞ւ պետք է հանրապետության նախագահը որեւէ մեկին տա այդ պաշտոնը: Այդպես լիներ` դա կմնար եւ կլիներ կուսակցությունների մեջ բաժանվող պաշտոնների շրջանակում: Եվ չեմ կարծում, որ նա որեւէ կուսակցության պիտի առաջարկի: Տրամաբանությունը խախտվում է ընդհանրապես»:

Անդրադառնալով նախօրեին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հնչեցրած տեսակետին, թե նախագահական ընտրություններում հիմնական մրցակից են լինելու ինքը` Կարապետյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ վարչապետ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, Թորոսյանը հայտարարեց. - «Դե, ես «Օրինաց երկիր»-ի նախագահին եւ «Նոր ժամանակներ»-ի նախագահին իրար մրցակից համարում եմ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG