Մատչելիության հղումներ

Հունգարիայի արտգործնախարարը չի բացառում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը


Հունգարիայի արտաքին գործերի նախարար Կինգա Գենցը չի բացառել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Բուդապեշտում 2006 թվականի ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ապագայում Ադրբեջանին հաձնելու հնարավորությունը:

day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Գենցի հետ հարցը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Էքստրադիցիան հնարավոր է, բայց ոչ թե հիմա, երբ գործի քննությունը շարունակվում է տարբեր ատյաններում, այլ հետո, երբ կավարտվեն բոլոր դատավարությունները: Այդ ժամանակ կարելի կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել այս խնդրում», - ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը` հավելելով, որ առաջիկայում Ադրբեջանի ներքին գործերի նախարար Քամիլ Ուսուբովը կայցելի Հունգարիա, որտեղ ի շարս այլ հարցերի կքննարկվի նաեւ Սաֆարովի խնդիրը:

Մամեդյարովը Գենցին ասել է, թե «պաշտոնական Բաքուն Բուդապեշտից ակնկալում է ադրբեջանցի սպայի գործով արդար որոշում»:

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացների մասնակցող Սաֆարովը կացնահարել էր հայ սպային, երբ նա քնած էր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG