Մատչելիության հղումներ

logo-print

Էնթոնի Գոդֆրի. «Մենք ողջունում ենք այս ընտրությունները եւ սպասում ընտրախախտումների հետաքննությանը»


«Մենք ողջունում ենք այս ընտրությունները` որպես բարելավում նախորդ ընտրությունների համեմատ, եւ սպասում ենք գործընթացի ամբողջացմանը, ինչը ներառում է ոչ միայն վերահաշվարկը, այլեւ ընտրախախտումների հետաքննությունը եւ անհրաժեշտության դեպքում դրանց համար դատական պատասխանատվությունը», - հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի հավատարմատար Էնթոնի Գոդֆրին` անդրադառնալով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին:

«Ոչ մի ընտրություն կատարյալ չէ, ԱՄՆ-ում էլ դրանք անթերի չեն», - ընդգծեց ամերիկացի դիվանագետը` հավելելով. - «Սակայն Միացյալ Նահանգներում մեծ է վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ կեղծիքների դեպքում կլինի հետաքննություն եւ ամեն ինչ կբացահայտվի»:

«Ահա թե ինչու ես ողջունում եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ պատկան մարմինները ակտիվորեն կհետաքննեն եղած բոլոր մեղադրանքները», - ամփոփեց Էնթոնի Գոդֆրին:

Միացյալ Նահանգների դեսպանության գործերի հավատարմատարը այսօր Հայաստանի ոստիկանական ակադեմիայում վկայականներ հանձնեց կիբերհանցագործության մասին դասընթացի բոլոր մասնակիցներին:

Դասընթացը հայ իրավապահների համար անցկացվել է մայիսի 14-18-ը` ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի երեք հատուկ գործակալների կողմից:

Այն պատրաստել են համակարգչային փորձագետները` նպատակ ունենալով իրավապահ կառույցների աշխատակիցներին ներկայացնել համակարգչային տարածված հանցագործություններն ու հետաքննման մեթոդները:

Դասընթացը ֆինանսավորում էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG