Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Ռուսաստան - Եվրամիություն գագաթնաժողովը


Ռուսաստանյան Սամարա քաղաքում այսօր տեղի կունենա Ռուսաստան - Եվրամիություն գագաթնաժողովի հանդիսավոր բացումը: Եվրամիության նախագահող երկրի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն դեռ նախօրեին են մեկնել Սամարա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման համար:

Մեկնաբանների կարծիքով, Ռուսաստանի եւ մայրցամաքի ամենախոշոր քաղաքական-տնտեսական միավորի հարաբերություններում հիմա դժվար շրջան է:

«Բրոնզե զինվորի» ապամոնտաժումից հետո Ռուսաստանի եւ Էստոնիայի միջեւ «փոքր սառը պատերազմ» է սկսվել:

Ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման գաղափարը «նախաճգնաժամային» երանգ է հաղորդել ռուս - չեխական եւ հատկապես ռուս - լեհական հարաբերություններին: Լեհաստանի հետ վեճերը սրվել են լեհական մսի ներմուծումը Ռուսաստանում արգելելու հետեւանքով:

Ռուսաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության նոր պայմանագրի ստորագրման հեռանկարն այսօրվա դրությամբ հարցականի տակ է:

Երեք հիմնական վիճահարույց թեմաներն են՝ էներգետիկ քաղաքականությունը, լեհական մսի հարցը եւ Կոսովոյի կարգավիճակը:

Հիմա Արեւմուտքում շատերը պահանջում են կոշտ դիրքորոշում դրսեւորել Սամարայում: «Ֆայնենշլ Թայմս»-ը նախօրեին գրել է, թե «Ռուսաստանը վաղուց է կիրառում հատուկ մարտավարություն Եվրամիության նկատմամբ, այն է՝ մեծ երկրներին առաջարկել երկկողմ գործարքներ եւ շրջանցել ու մեկուսացնել Ռուսաստանին քննադատող ավելի փոքր երկրները, այդ թվում` նախկին Խորհրդային Միության եւ Վարշավյան պայմանագրի կազմից»:

«Եվրամիությունը միանշանակ կթուլանա, եթե չկարողանա հիմա հանդես գալ միասնական ճակատով: Եվրամիությունը նավթով հարուստ Ռուսաստանի համար հսկայական շուկա է, բայց ռուսները պարտավոր են հասկանալ, որ Ռուսաստանն այնքանով ունի Եվրամիության կարիքը, որքանով Եվրամիությունը՝ Ռուսաստանի: Այս ուղերձն է անհրաժեշտ հասցնել Պուտինին», - ասված է «Ֆայնենշլ Թայմս»-ի խմբագրականում:

Այնուհանդերձ, այսօրվա դրությամբ Եվրամիությունը մնում է Ռուսաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը: Արտասահմանի հետ առեւտրի 52 տոկոսն ապահովում է Եվրամիությունը: Արտասահմանյան ներդրումների 70 տոկոսը գալիս է Եվրամիությունից: Ռուսաստանի արտարժույթի պահուստը հավասար է 370 միլիարդ դոլարի, սակայն այդ գումարի 40 տոկոսը ոչ թե դոլարով է, այլ եվրոյով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG