Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ Եղվարդի լճի մոտ` «Երզնկայի տանձանոց» անունով հայտնի տարածքը վերածվել է «սպեցնազի» վրանային ավանի: «Ծառերի արանքներում բացվել է մոտավորապես 40-50 վրան, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ զինվորականներից մեկի ասելով` իրենք «ուչեբկա» են անցնում», - գրում է թերթը: - «Թե ինչու է այդ «սպեցնազը» հայտնվել Եղվարդում, որտեղ երբեւէ ուսումնավարժական հավաքներ չեն անցկացվում` ղարաբաղյան բարբառով մեր թղթակցի հետ զրուցած զինվորականը բացատրել չկարողացավ»: Փոխարենը, ըստ «Առավոտ»-ի, «նկատելի էր, որ մոխրագույն ու կանաչավուն համազգեստով այդ զինվորականների թվում կային նաեւ սեւ համազգեստով, զրահաշապիկներով եւ դիմակավորված մարդիկ, ովքեր ցույց էին տալիս, թե ինչպես է պետք ետ մղել իրենց դեմ կատարվող հարձակումները»: «Սեւ համազգեստները շատ նման էին այն համազգեստներին, որոնք կրում էին մայիսի 9-ին ԱԱԾ-ի շենքի մոտ ընդդիմության ցուցարարների հետ ընդհարված զինվորականները», - գրում է թերթը` ամփոփելով. - «Ընդդիմության դաշտում լուրեր էին շրջանառվում, որ «սպեցնազը» բերվել է առաջիկայում հնարավոր բողոքի ալիքը հարկ եղած դեպքում ճնշելու նպատակով»:

«Իրավունք»-ի տեղեկություններով, «որքան էլ Դաշնակցությունը կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվելու ցանկություն չի հայտնել, այնուամենայնիվ, ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի միջոցով կստանա Ազգային ժողովի նախագահի եւ գոնե երկու խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնները»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը, խունջիկ-մունջիկ գալով, ի վերջո հայտարարեց, որ նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Եթե, իհարկե, ՀՀԿ-ն նման որոշում ընդունի: Իսկ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, արդեն բավական ժամանակ է` գոյություն չունի: Չկա այդպիսի կուսակցություն: Կա միայն Սերժ Սարգսյան, որը խելքին փչածը ներկայացնում է որպես ՀՀԿ-ի դիրքորոշում»: «Այնպես որ, Սերժ Սարգսյանին մեծ հաշվով հաջողվել է լուծել իր ապագա նախագահության հարցը: Նա ոչ միայն հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է, այլեւ այնպես է արել, որ իր դեմ պայքարի ելնեն մեկը մյուսից արգահատելի դեմքեր` այնպես, որ նրանց ֆոնին ինքը ներկայանա որպես հրեշտակ», - շեշտում է թերթը:

«Ընդդիմադիր լիդերացավ» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը փաստել է. - «Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն կես դյուժինից ավելի ընդդիմադիր լիդերներ ազդարարել են առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու եւ հաղթելու իրենց վճռականությունը»։ «Ստացվում է, որ սեփական անմիաբանության պատճառով Հայաստանի ընտրողների կողմից իրենց տրված մոտ 30 տոկոս քվեները փոշիացրած ընդդիմության հավակնոտ լիդերները ներկայումս մի փոքր դադար տալու, գլուխները բռնելու եւ մտածելու փոխարեն արդեն սկսել են քարեր նետել իրենց վաղվա դաշնակիցների ու հավանական գործընկերների բոստանը», - բխեցրել է խմբագրականը։

Իր հերթին, «Իսկական իրավունք»-ի մեկնաբանը նկատել է. - «Դեռ հասարակությունը չի սթափվել այն խորը հիասթափությունից, որը հետեւանք էր ընդդիմության փոշիացման եւ միավորվելու անընդունակության, սակայն, ընդդիմության առաջնորդները եւ առաջնորդիկները Ազգային ժողովի ընտրությունների հարցը համարում են «լուծած-պրծած» եւ արդեն խոսում են հաջորդ՝ 2008 թվականի նախագահական ընտրություններում իրենց «փայլուն» եւ «ջախջախիչ» հաղթանակի մասին, եւ ըստ էության արդեն իսկ պարզ է, որ ոչ միասնական է լինելու ընդդիմությունը նաեւ 2008-ին՝ հանդես գալով բազմաթիվ ու բազմապիսի թեկնածուներով: Դե իսկ ԱԺ ընտրությունների արդյունքները երեւի թե այլեւս ոմանց հետաքրքիր չեն, այստեղ արդեն ամեն ինչ պարզ է. մավրերն արել են իրենց գործը եւ կարող են պատրաստվել նախագահական ընտրությունների»։

«Տարեգիր» թերթի մեկնաբանը, իր դիտարկումները մատուցելով կայացած ընտրություններում ընդդիմության վարքագծի առնչությամբ, ընդհանրացրել է. - «Ընդհանրապես, սոցիալական խիստ բեւեռացման եւ ծանր սոցիալ-տնտեսական պայմանների առկայության դեպքում ցանկացած ժողովուրդ՝ լինի դա Աֆրիկայում, Վրաստանում, թե Ուզբեկստանում, պարզապես չի կարող վերընտրել իր վիճակի համար պատասխանատու իշխանությանը: Հետեւաբար, մեր ընդդիմադիրների գործը պետք է լիներ պահել ժողովրդի քվեն, իսկ պահելու ամենառեալ մեխանիզմին տիրապետում էին «Ազգային միաբանություն»-ը, «Արդարություն»-ը, «Օրինաց երկիր»-ը: «Ընտրությունների օրը տարբեր տեղամասերում կարելի էր արձանագրել այս խմբակցությունների անդամների բացակայությունը. այսինքն, պարզ ասած, տեղերը կամ վաճառել էին, կամ վախեցրել հանձնաժողովականներին», - հավելել է մեկնաբանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG