Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Կարապետյանը առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է 2008 թվականի նախագահական ընտրություններին: Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների կապակցությամբ դիմելու է Սահմանադրական դատարան:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, Արամ Կարապետյանը ասաց, որ եթե կարողանան լուծել վստահված անձանց ինստիտուտի հարցը (իսկ այդ ուղղությամբ հիմա «լուրջ միջոցներ են ներդրվում»), ապա 2008-ի ընտրություններում իրենց «հաղթելու խնդիրը լուծված կլինի»:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը ասաց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` տեղի ունեցած խախտումների մասով: Իրենք պահանջելու են բացել մի շարք ընտրատեղամասերի քվեատուփերը: Այդ ընտրատեղամասերում, Կարապետյանի համոզմամբ, իր գլխավորած կուսակցության օգտին տրված ձայները փոխանցվել են այլ կուսակցությունների:

Որպես ապացույց` Արամ Կարապետյանը ներկայացրեց Չարենցավանի ընտրատեղամասերից մեկի արձանագրության քաղվածքը եւ ԿԸՀ-ի արձանագրությունը. - «Քաղվածքի ճիշտ օրինակն է. Չարենցավանի 026/09 տեղամասն է: Պաշտոնապես 964 մարդ է քվեարկել, 111-ը տրվել է «Նոր ժամանակներ» կուսակցությանը, իսկ արձանագրված է ԿԸՀ-ում` 10»:

«Իշխանությունը որոշել է հետեւյալ կերպ գործել` ուղղակի մեր քվեները բաշխում է իր կուսակցական պատկանելությանը համապատասխան», - եզրափակեց Արամ Կարապետյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը, ըստ մայիսի 12-ի քվեարկության նախնական արդյունքների, չի հաղթահարել 5 տոկոսի շեմը` ստանալով շուրջ 47 հազար ձայն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG