Մատչելիության հղումներ

Գորիսի նախկին քաղաքապետը նախապատրաստում է «ազգային-ազատագրական շարժում»


Սյունիքի մարզում, թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված եւ, ըստ նախնական արդյունքների, վարչապետի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին տանուլ տված Սամվել Հարությունյանը նախապատրաստում է «ազգային-ազատագրական շարժում»` վերջերս իր ստեղծած «կամավորների գվարդիայով»:

«Այդ պայքարի անունը առաջարկում եմ կոչել «Ազատագրում» շարժում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Գորիսի նախկին քաղաքապետը` հավատացնելով. - «Եվ շատ կարճ ժամանակվա ընթացքում մեր ժողովուրդը ոտքի կելնի եւ կազատագրվի ու պատմության աղբանոցը կնետի այն, ինչը գարշելի է»:

«Վստահ եմ, որ դրա պահանջը Հայաստանում վաղուց հասունացել է», - շարունակեց նա:

Հարությունյանը գտնում է, որ մայիսի 12-ի ընտրություններում ինքը հաղթել է` ստանալով ձայների 70 տոկոսը. - «Ես ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվել եմ Ազգային ժողովի պանգամավոր»:

Սամվել Հարությունյանը իր ձեռքի տակ եղած փաստերով պնդում է, թե Սյունիքի մարզում եւ նախընտրական շրջանը, եւ բուն ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, սակայն չի պատրաստվում դիմել դատական մարմիններին:

«Ես երբեւէ չեմ դիմել, չեմ դիմում եւ, քանի այս ռեժիմը կա, չեմ դիմելու: Ո՞ւմ դիմեմ, ովքե՞ր են դատավորները», - ասաց նա:

Սամվել Հարությունյանը ներկայացված էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում, եւ այդ կուսակցության խորհրդարան մտնելու կապակցությամբ ասաց. - «Ես չեմ կարծում, որ հարգարժան, միջազգային հեղինակություն ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր մյուս 6 ընկերները մտնելով [խորհրդարան], ինչ-որ դրական լուրջ բան կարող են այնտեղ անել: Չեմ պատկերացնում Սաշիկի [Ալեքսանդր Սարգսյանի] նմանների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մնացած հարգարժան ընկերների մասնակցությունը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG