Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով կալանված է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանքով, փաստաբան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, առ այսօր որեւէ ցուցմունք չի տվել:

Արզումանյանը ձերբակալվել էր մայիսի 7-ին, իսկ մայիսի 10-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

Նախկին արտգործնախարարի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը փոխանցեց նաեւ, որ իր պաշտպանյալի նկատմամբ չեն կատարվել նաեւ այլ քննչական գործողություններ:

Փաստաբանը պնդեց, որ առաջադրված մեղադրանքը «մտացածին» է, պատշաճ կերպով չի ստուգվել, թե արդյո՞ք Ռուսաստանից ուղարկված գումարը անօրինական ճանապարհով է ձեռք բերվել. - «Այսօր էլ ճշտված չէ եւ չի էլ ճշտվելու»:

Արզումանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ, ըստ փաստաբանի, նշված է ընդամենը, որ Լեւոն Մարկոսը «մեղադրվում է ֆինանսական զեղծարարություն կատարելու մեջ եւ գտնվում է հետախուզման մեջ». - «Այստեղից տրամաբանությունն այն է, որ եթե նա հետախուզման մեջ է ֆինանսական զեղծարարությունների համար, եւ եթե իսկապես նրա գումարն է, որը փոխանցվել է... հետեւաբար դա ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներ են»:

Այսօր հրապարակված հայտարարություններում Ալեքսանդր Արզումանյանի ընտանիքը եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պնդել են, որ նախկին արտգործնախարարի նկատմամբ իրականացվող հետապնդումը ոչ թե քրեական է, այլ քաղաքական:

Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը դիմել է արտասահմանում ապրող «բոլոր ընկերներին» եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանություն:

Բրաունի խոսքերով` ԱՄՆ-ի դեսպանատունը «հետեւում է գործի ընթացքին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG