Մատչելիության հղումներ

Արարատ լեռան վրա` ծովի մակերեւույթից երկուեւկես հազար մետր բարձր, սկսվել է Նոյյան տապանի կրկնօրինակի շինարարությունը: Այս նախաձեռնությամբ «Գրինփիս» միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները ցանկանում են աշխարհի առաջնորդների ուշադրությունը հրավիրել գլոբալ ջերմացման սպառնալիքի վրա` աղետ, որը բնապահպանները համեմատում են Համաշխարհային ջրհեղեղի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Գրինփիս»-ի պաշտոնական կայքէջը, տապանը կառուցվում է փայտից, դրա չափսերն են 10 մետր x 4 մետր x 4 մետր:

Չորս տասնյակ ձիերի օգնությամբ Արարատ լեռ են բարձրացվել փայտյա մասերը, եւ արդեն սկսվել են հենարանի, ինչպես նաեւ տապանի ողնափայտի եւ նավակողերի կառուցման աշխատանքները:

Գերմանացի եւ թուրք հյուսների 20-հոգանոց խումբը տապանի կառուցումը կավարտի երկու շաբաթվա ընթացքում, իսկ բացումը կկատարվի մայիսի 31-ին` հանդիսավոր արարողությամբ:

Արարողության նախորդ օրը «Գրինփիս»-ի ակտիվիստները մագլցելու են Արարատի գագաթը` 5137 մետր բարձրության վրա, եւ կոչ են անելու բոլոր պետությունների ղեկավարներին իրական ջանքեր գործադրել կլիմայական աղետալի փոփոխությունները կանխելու համար:

«Մեծ ութնյակի» առաջիկա գագաթնաժողովի ժամանակ շատ հայտարարություններ կարվեն կլիմայի պաշտպանության մասին, սակայն դրանց պետք է հաջորդեն իրական գործողությունները», - հայտարարել է «Գրինփիս»-ի ներկայացուցիչ Անդրե Բյոհլինգը` հավելելով. - «Այլապես, «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը միայն դատարկ խոսքեր կշռայլի կլիմայական փոփոխությունների վերաբերյալ, եւ բաց կթողնվի պատմական հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG