Մատչելիության հղումներ

logo-print

Թալինում գիշերը բազմամարդ հանրահավաք է կայացել


Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կեսգիշերին բազմամարդ հանրահավաք է սկսվել, որն ավարտվել է մոտ մեկ ժամ անց: Ոստիկանական հսկողությունը ուժեղացված էր հատկապես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը, հանրահավաքի մասնակիցները Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի աջակիցներն էին եւ պահանջում էին «արդարություն` որ վերահաշվարկվեն ընտրությունները»:

Թալինի անկուսակցական քաղաքապետը Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու էր առաջադրված թիվ 15 ընտրատարածքում: Ըստ նախնական տվյալների, այդ ընտրատարածքում հաղթել է գործող խորհրդարանի պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը:

«Իմ ձեռքին կար մի փաստաթուղթ, որ թիվ15 ընտրատարածքում ընդգրկված` Արմավիրի [մարզի] տարածքի Գետաշեն գյուղում ընտրակեղծիքներ են եղել, համամասնականում կար մոտ 300-ի չափ անճշտություն` բոլոր քվեաթերթիկները հաշվարկվել էին Հանրապետական կուսակցության օգտին», - վկայեց Ժորա Սափեյանը:

Նա հայտնեց, որ հանրահավաքը ցրվել է, երբ քաղաքապետ Մնացական Մնացականյանը վերադարձել է Երեւանից, «թե ինչ հանձնարարականով` չգիտեմ, ասաց` «ժողովուրդ, գնացեք տուն, վաղը հանձնաժողովը Կենտրոնականից կգա, իր աշխատանքները կկատարի»:

Ժորա Սափեյանը վստահեցրեց, որ հանրահավաքը խաղաղ է անցել, որեւէ ընդհարում չի եղել, եւ ոստիկանների ուղեկցությամբ մարդիկ նորից գնացել են իրենց տները:

«Այսօր եթե որեւէ բան չասեն` նորից ժողովուրդը, իր ասելով, դուրս կգա փողոց», - նշեց «Հանրապետություն» կուսակցության Թալինի կառույցի ղեկավարը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG