Մատչելիության հղումներ

Երեկ, կյանքի 83-րդ տարում մահկանացուն է կնքել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ Գոհար Գասպարյանը:

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948 թվականին հայրենադարձվել է:

1949 թվականից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, Գոհար Գասպարյանը ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ էր, սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր:

Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ վարչապետի նախագահությամբ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ մեծանուն երգչուհու քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը:

Շաբաթ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա վերջին հրաժեշտը Գոհար Գասպարյանին:

Հուղարկավորության արարողությունը կկայանա նույն օրը՝ Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG