Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերանորոգումից ու որպես թանգարան բացումից հետո թուրքական տուրիստական ընկերությունները զբոսաշրջության մեծ վերելք են ակնկալում: Զբոսաշրջիկներին Աղթամար կղզի հասցնելու համար շուտով Վանա լիճ կբերվի 110-տեղանոց նոր զբոսանավ:

Ծրագիրն իրականացնում է Grand Deniz Tourism մասնավոր ընկերությունը, որը ցանկանում է գրավիչ դարձնել դեպի Աղթամար տուրիստական երթուղին:

Ծրագիրը, ինչպես «Դողան» լրատվական գործակալությանը պատմել է դրա մենեջերը` Grand Deniz Tourism-ի գլխավոր տնօրեն Հիքմեթ Դենիզը, ներկայացվել էր Եվրամիությանը: Եվրամիությունը, հավանություն տալով ծրագրին, օժանդակություն է ցուցաբերել` զբոսանավը կառուցելու համար 120 հազար եվրո է հատկացրել, որը ծախսի կեսն է: Նավն արդեն պատրաստ է, այն կառուցվել է Իսկանդերում եւ շատ շուտով կտեղափոխվի Վան:

«Զբոսանավը կղզի կհասցնի տեղացի ու արտասահմանյան բոլոր զբոսաշրջիկներին, հատկապես հայերին», - ասել է տուրիստական ընկերության ղեկավարը:

Իսկանդերի նավաշինական ձեռնարկության սեփականատերը, իր հերթին, ասել է, որ եթե իրենց ծառայությունը գոհացնի զբոսաշրջիկներին, մեկ ուրիշ, ավելի մեծ նավ էլ կկառուցեն` 150-տեղանոց ու ռեստորանով:

Թուրքական լրատվամիջոցի հաղորդագրությունում նշվում է, որ Աղթամարի տուրիստական երթուղին ընդգրկվել է Արեւելյան Անատոլիայի զարգացման ծրագրում:

Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո որպես թանգարան բացվեց այս տարվա մարտի 29-ին: Բացման արարողությանը մասնակցեցին Թուրքիայի մշակույթի նախարարը, Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությունը, Պոլսո հայոց պատրիարքը, թուրքահայ համայնքի ներկայացուցիչներ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG