Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք» թերթը, վկայակոչելով Հանրապետականի աղբյուրները, գրում է, թե կրթության նախարարի պաշտոնում նշանակվելու է ներկայումս կրթության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, առողջապահության նախարար՝ Արա Բաբլոյանը, իսկ մշակույթի նախարարի պաշտոնի համար «միմյանց դեմ թեժ պայքար են մղում» հայր ու որդի Գալուստ եւ Արման Սահակյանները: «Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը, իսկ Հովիկ Աբրահամյանն ստիպված կլինի բավարարվել պատգամավորի մանդատով», - գրում է «Հայք»-ը:

«Գունավոր հեղափոխություն՝ փուլային տարբերակով» վերնագրի տակ «168 ժամ» թերթի վերլուծաբանը բաղդատել է. - «Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ, փաստորեն, լրջագույն հակասություններ կան ոչ թե միջազգային կառույցների եւ Հայաստանի իշխանությունների, այլ այդ կառույցների եւ ընդդիմության միջեւ։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրություններն այլանդակ ձեւով կեղծվել են, իսկ միջազգային կառույցները պնդում են, որ «մի թեթեւ» են կեղծվել, էական բան չկա։ Պատճառն, իհարկե, այն չէ, որ մենք կարողացել ենք «ազգովի խաբել» միջազգային հանրությանը։ Պատճառն այն է, որ նախ՝ միջազգային հանրությունը գոհ է, որ զոհեր գրեթե չեղան, եւ երկրորդ, նրանց դուր եկավ, որ այս խորհրդարանում լինելու է ռուսամետ իշխանություն եւ արեւմտամետ ընդդիմություն (եւ ոչ թե նախկինի պես՝ ռուսամետ իշխանություն եւ նույնքան ռուսամետ ընդդիմություն)»։

«Այն դասավորությունը, որ վերջին պրոցեսների արդյունքում ստացվում է խորհրդարանում, Ռոբերտ Քոչարյանին վերստին վերադարձնում է դիտորդի կարգավիճակի», - այսպես է գնահատել ետընտրական իրավիճակը իշխանության վերին մակարդակում «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն ու հավելել. - «Ինչ խոսք, ՀՀԿ-ի բացօթյա խնջույքին մասնակցելով՝ Ռոբերտ Քոչարյանը փորձեց ցույց տալ, որ ՀՀԿ-ի հենարանը նաեւ իրենն է։ Բայց հիմա ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարման իրական լծակները գտնվում են հենց Սերժ Սարգսյանի ձեռքին»։ «Եվ ահա, Քոչարյանի ինքնասիրությանը եւ զույգի հարաբերություններին առաջիկայում լուրջ փորձություն է սպասվում՝ ետընտրական կաբինետի ձեւավորումը», - պնդել է գլխավոր խմբագիրն ու բացատրել. - «Հիմա գլխավոր ինտրիգը հետեւյալն է. արդյո՞ք Սերժ Սարգսյանը կցանկանա իր կառավարության կազմում տեսնել Վարդան Օսկանյանին եւ այլոց, որոնք համարվում են Քոչարյանի թիմի անդամներ, բայց դասվում են հակասերժականների թվին։ Լուրջ հարց է նաեւ, թե ով կդառնա Ազգային ժողովի նախագահ»։

Արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Ընդհանրապես զարմանալի է, որ «Ժառանգության» օգտին քվեարկել են ավելի մեծ թվով քաղաքացիներ, քան, օրինակ` ՄԱԿ-ի կամ «Ազգային միաբանության»։ Պատահական չէ, որ այսօր շատերը բացահայտ ասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պարզապես օգնեցին մտնել խորհրդարան։ Եվ հանկարծ այդ մարդն առանց ամաչելու հայտարարում է, թե երեք անգամ ավելի շատ ձայներ է հավաքել, ինչ-որ տեղեկատվություն է պատրաստվում ներկայացնել Սահմանադրական դատարան, խոսում ինչ-որ «դառնանուշ» իրականության մասին, ձեռք մեկնում «բոլոր-բոլորին»։ «Ինչ վերաբերում է ընտրությունների անաղարտությանը, ապա դրանք կատարյալ էին միայն Բրեժնեւի ժամանակներում, երբ խորհրդային ժողովուրդը համերաշխ գնում էր միաձայն քվեարկելու կոմունիստների եւ անկուսակցականների անխախտ բլոկի օգտին», - եզրակացրել է մեկնաբանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շրջանակներից «Ժամանակ-Երեւան» թերթին փոխանցել են, որ ԲՀԿ-ում արդեն խոսում են, թե որ պորտֆելներն են իրենց բաժին ընկնելու. - «Խոսակցություններ են պտտվում, թե իրենց բաժին են հասնելու առողջապահության եւ կապի ու տրանսպորտի նախարարությունները։ Ըստ այդ լուրերի՝ առողջապահության նախախարի թեկնածու է համարվում «Էրեբունի» առողջապահական համալիրի տնօրեն Արտյոմ Քուշքյանը, իսկ կապի նախարարությունը տրվելու է տրանսպորտի փոխնախարար Վարդան Վարդանյանին»։ «Թեեւ Գագիկ Ծառուկյանը գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին խոստացել է նշանակել մշակույթի նախարար, բայց ՀՀԿ-ն դեռ չի զիջում այդ պորտֆելը։ Իսկ եթե ԲՀԿ-ի ախորժակը մեծանա, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը «բարկանա» եւ որոշի, որ ՀՀԿ-ն միանձնյա է կառավարելու», - եզրափակել է թերթը։

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից նույն թերթը տեղեկացել է, որ «այդ կառույցն անասելի վախեցած է այս օրերին ընդդիմադիր դաշտում ծավալվող իրադարձությունների հեռանկարից եւ մտածում է, որ սպասվող հանրահավաքները կարող են այնքան հզորանալ, որ իսկապես փոփոխությունների սկիզբ դնեն երկրում»։ «Այդ զարգացումների դեմն առնելու համար ոստիկանությունը երկու նոր «ժամանակակից» ջրցան մեքենաներ է բերել Հայաստան, մեծ թվով ռետինե փամփուշտներ, դրանցով աշխատող հրացաններ, փշալարեր։ Այնպես, որ իրավապահները պատրասվում են»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG