Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն արձանագրել է ընտրակաշառքի 1 դեպք


ՀՀ ոստիկանության պետի մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ մայիսի 12-ին ստացված ահազանգերի հետքերով հարուցվել է 1 քրեական գործ:

Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ, ինչպես փոխանցեց Շիրիյանը, ոստիկանությունում ընդհանուր առմամբ ստացվել է 433 ահազանգ, որոնցից 232-ը ոստիկանության լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Դրանք վերաբերել են ընտրական հանձնաժողովներին:

Ոստիկանության կողմից ստուգման է ենթարկվել 201 ահազանգ, որոնցով ոստիկանության տարածքային մարմիններում ստեղծվել են 9 նյութեր, 3-ը մերժվել են, իսկ 1-ով հարուցված է քրեական գործ:

Ահազանգերը, Սայաթ Շիրինյանի խոսքերով, եղել են հիմնականում ընրտակարուսելի, լցոնումների ու ընտրակաշառքների մասով: Կոնկրետ ընտրակաշառի հետ կապված ոստիկանությունն արձանագրել է 2 դեպք: Մեկով հարուցվել է քրեական գործ, իսկ մյուսի հետ կապված նախաքննություն է ընթանում:

Ընտրակաշառքի դեպքը արձանագրվել է թիվ 21 ընտրատարածքում, Արմավիրում:

Շիրինյանը ասաց նաեւ, որ քվեարկության օրը ընտրատեղամասում բախումներին վերաբերող բոլոր ահազանգերը հերքվել են:

Նա հերքեց նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումը, թե նախօրեին թիվ 25 ընտրատարածքում մեծ բախում է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածուների կողմնակիցների միջեւ:

Բախման մասին լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքեց նաեւ այդ ընտրատարածքում ընտրված թեկնածուն` Հանրապետական կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG