Մատչելիության հղումներ

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում շուրջ 7 տոկոս ձայն ստացած «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` քվեարկության արդյունքների վերանայման պահանջով:

«Մենք նախաձեռնում ենք դիմել Սահմանադրական դատարան», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: - «Նաեւ` առաջին ատյանի դատարաններ, որպեսզի Հայաստանում տեղի ունենա ընտրությունների արդյունքների վերանայում, վերահաշվարկ: Որովհետեւ մենք համոզված ենք` բազմաթիվ ընտրական տեղամասերում տեղի են ունեցել ընտրական կեղծիքներ»:

Բաղդասարյանը կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին, եթե նրանց ձեռքի տակ կան ընտրակեղծիքների վերաբերյալ փաստեր, ներկայացնեն իրենց, որպեսզի համադրվեն եւ ներկայացվեն Սահմանադրական դատարան:

«Շատ քաղաքական կուսակցություններ այսօր խոսում են, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել կեղծիքներ: Խնդրեմ` մենք ձեր խոսափողն ենք. տվեք, մենք գնում ենք դատարան», - ավելացրեց նա:

«Օրինաց երկիր»-ի նախագահը վստահեցրեց, թե իրենք արձանագրել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, բացի այդ, ունեն նաեւ ընտրակաշառքի դեպքերի տեսանկարահանումներ: Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Օրինաց երկիր»-ը դիմել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մեզ պատասխանել է, որ Հայաստանում որեւէ դեպք չկա, որ գումար է բաժանվել որպես ընտրակաշառք»:

Կուսակցության առաջնորդը ասաց նաեւ, ու իրենք չեն պատրաստվում վայր դնել մանդատները, իսկ բոյկոտը քաղաքական պայքարում «լավագույն եղանակը» չեն համարում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG