Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլա Սարկոզին ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը


Այսօր Փարիզի Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նորընտիր նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուի Դեբրեն 52-ամյա Նիկոլա Սարկոզիին հռչակել է երկրի նախագահ:

«Այսօրվանից դուք Ֆրանսիայի մարմնացումն եք, դուք խորհրդանշում եք Հանրապետությունը եւ ներկայացնում եք ամբողջ ֆրանսիացի ժողովրդին», - ասել է Դեբրեն:

Ի պատիվ նոր նախագահի համազարկ է տրվել 18-րդ դարի պալատում, ուր ներկա էին հարյուրավոր հրավիրյալներ, Սարկոզիի տիկինը` Սեսիլիան, եւ նրանց զավակները:

Իշխանության փոխանցման խորհրդանշական արարողության ժամանակ 74-ամյա Ժակ Շիրակը, ով երկիրը ղեկավարում էր 12 տարի, Սարկոզիին դիմավորել է Ելիսեյան պալատի աստիճանների վրա, նրան է հանձնել Ֆրանսիայի միջուկային զինանոցի կոդերը եւ ներկայացրել նախագահական ընթացիկ օրակարգը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, արարողության ավարտին Ելիսեյան պալատի բակում Սարկոզիի հետ երկարատեւ ձեռքսեղմումից հետո Շիրակը նստել է մեքենան եւ վերջին անգամ դուրս եկել նախագահական պալատից:

Արդեն մի քանի ժամից Սարկոզին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Եվրամիության նախագահող երկիր` Գերմանիա, որտեղ կանցլեր Անգելա Մերկելի հետ կքննարկի Եվրամիության ապագային առնչվող խնդիրներ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար, կառավարող «Ժողովրդական շարժում միություն» կուսակցության ղեկավար անդամ Սարկոզին մայիսի 6-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց սոցիալիստ Սեգոլեն Ռուայալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG