Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Ընդդիմության միակ հույսը նախագահական ընտրություններն են»


«Ես առջեւում տեսնում եմ մի գագաթ` նախագահական ընտրություններում հաղթելը», - չորեքշաբթի օրը հայտարարեց խորհրդարանական ընտրություններին չմասնակցած Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ինչ որ կատարվեց 2007 թվին, պետք է դաս լինի ընդդիմության համար, որպեսզի նույն սխալը չկրկնվի 2008 թվին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարունակեց Մանուկյանը: - «Իմ թեկնածությունը դնելու եմ 2008 թվին: Փորձելու եմ կազմակերպել բոլորին եւ գնալ հաղթանակի»:

ԱԺՄ-ի առաջնորդը ասաց, որ չեն ափսոսում խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու համար, եւ «արդյունքները ցույց տվեցին, որ իրենք ճիշտ էին», քանի որ բաժանված ընդդիմությունը թույլ էր:

Նրա խոսքերով, արդյունքում «փոշիացան այս իշխանություններին դեմ գնացողների ձայները». - «Փաստորեն, ընդդիմության այն մասը, որը հասկանալով, որ չի անցնելու, մասնակցում էր, ինչ-որ ձեւով խաբեց ժողովրդին»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ Մանուկյանի, իշխանությունները ստեղծեցին թուլացած ընդդիմության ձայներին տեր կանգնելու համար: Կուսակցությունն իր դերը կատարեց եւ իշխանությունները, ԱԺՄ-ի նախագահի ձեւակերպմամբ` «քցեցին» «Բարգավաճ Հայաստան»-ին:

Ասուլիսում Վազգեն Մանուկյանը նաեւ ասաց. - «Ես խորհուրդ կտայի, որ բոլորը իրար հետ միավորվեն, կոալիցիա ստեղծեն` «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ «Ժառանգություն»-ը: Չորսով Հանրապետական կուսակցության դեմ ստեղծեն բլոկ եւ մինչեւ վերջ ներսում պայքարեն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG