Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ «Ժառանգություն»-ը ստացել էր 250 հազար քվե


«Մենք տեսանք միասին, թե ինչպես կեսգիշերից հետո այդ 250 հազարը դարձավ 80 հազար` անվավեր քվեաթերթիկների, սխալ հաշվարկների եւ այլ միջոցառումների միջոցով: Եվ երբ եվրոպական դիտորդները հայտարարում են` առաջընթաց, միգուցե առաջընթացն այն է, որ 250 հազարը չվերածվեց 25 հազարի, այլ մնաց 80 հազար», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց Ազգային ժողովի ընտրություններում շուրջ 6 տոկոս ձայն ստացած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի պնդմամբ` 250 հազար ձայն ունենալու մասին հայտարարությունների հիմքում նաեւ կուսակցության պատվերով անցկացված հարցումների արդյունքներն են:

Հայաստանի նախկին արտգործնախարարի խոսքերով, իրենք այժմ հայտվել են «դառնանուշ» իրավիճակում` մտնում են խորհրդարան, բայց համարում են, որ ընտրական գործընթացը եղել է «ոչ հայավայել» եւ «ոչ մարդավայել»: Ուստի «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը պատրաստ է ընտրախախտումների մասին իր ձեռքի տակ եղած փաստերը տրամադրել ընդդիմադիր այն գործընկերներին, որոնք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան. - «ժառանգություն»-ը ինքը կմասնակցի այդ գործընթացին` մատուցելով իր տրամադրության տակ եղած փաստերը մեր գործընկերներին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ չասաց` ընդունո՞ւմ են ընտրության արդյունքները , թե՞ ոչ: Խոստացավ պաշտոնական դիրքորոշումը հայտնել մայիսի 19-ից հետո, երբ ԿԸՀ-ն կհաստատի վերջնական արդյունքները:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգություն»-ը չհամաձայնի արդյունքների հետ, վայր դնի մանդատները եւ միանա ընդդիմադիրների պայքարին, կուսակցության առաջնորդը պատասխանեց. - «Ամեն ինչ այս արեւի տակ հնարավոր է` հատկապես Հայաստան աշխարհում, բայց մենք պատրաստ ենք մեր գործն անել թե' խորհրդարանում, թե' խորհրդարանից դուրս` օգտագործելով մեզ ընձեռված բոլոր հնարավորությունները, իրավունքներն ու իրավասությունները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ համագործակցելու է ընդդիմադիր ուժերի հետ թե’ խորհրդարանի ներսում, թե' դրսում. իսկ ինչ վերաբերում է հանրահավաքային պայքարին միանալուն, կուսակցության ղեկավարն ասաց, որ որեւէ որոշում չի կայացվել այս կամ այն հանրահավաքին մասնակցելու մասին:

Հարցին, թե իրեն պորտֆել առաջարկելու դեպքում կհամաձայնի՞, Հովհաննիսյանը պատասխանեց. - ««Ժառանգություն»-ը մտնում է խորհրդարան որպես ընդդիմադիր կուսակցություն եւ առավել ընդգծված պատասխանատվություն է կրում որպես ընդդիմադիր... Միաժամանակ, գնահատում ենք համագործակցության եւ համերաշխության ոգին, եւ եթե տեսնենք, որ այդ ոգին է տիրում, շահադիտականություն չկա, հատվածական նպատակներ չկան, կուսակցական դրոշներն իջել են, մնում է միայն պետականը, կարող ենք ամեն ինչ դիտարկել. բայց մենք չենք մտնում ո’չ պաշտոն ստանձնելու, ո’չ պորտֆել ստանալու համար»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG