Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց` ոստիկանության շենքի մոտ


Հայաստանի ոստիկանության շենքի մոտ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Լեւոն Գուլյանի հարազատները, մտերիմները, իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարցաքննության տարված 30-ամյա Գուլյանը, ըստ ոստիկանության, շաբաթ օրը փորձել էր լուսամուտից փախուստի դիմել եւ վայր ընկնելով մահացել էր:

Գուլյանը ոստիկանության Քրեական հետախուզության վարչություն էր տարվել որպես վկա` մայիսի 9-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրեն պատկանող «Պանդոկ» ռեստորանի մոտ Ստեփան Վարդանյանի սպանության գործով:

Ցուցարարները պահանջում էին, որ իրենց պատասխան տա Քրեական հետախուզության վարչության պետի առաջին տեղակալ Հովիկ Թամամյանը, ով, հարազատների պնդմամբ, անձամբ է Լեւոնին մեքենայով տարել հարցաքննության:

«Դուք ծեծել էին, դուք էլ դուրս էինք շպրտել», - բղավում էին Գուլյանի հարազատները: - «Ինչո՞ւ պիտի փախչեր... Նա փախչելու պառճառ չուներ»:

Ցուցարարները պահանջում էին նաեւ, որ իրենց ընդունի Հայաստանի ոստիականապետ Հայկ Հարությունյանը: Նա, սակայն, զբաղված էր, եւ Լեւոն Գուլյանի հարազատների հետ զրուցեցին երկու փոխոստիկանապետերը` Արարատ Մահտեսյանը եւ Արմեն Երիցյանը` փոխանցելով, որ ծառայողական հետաքննություն է իրականացվում եւ, եթե մեղավորներ լինեն, անպայման կպատժվեն:

Լեւոն Գուլյանի հայրը, քույրերը շարունակ պնդում էին, որ չեն հավատում, թե Լեւոնը մահացել է փախուստի փորձ կատարելիս:

Իսկ մինչեւ բողոքի ցույցը մի քանի իրապաշտպան կազմակերպություններ ասուլիս էին հրավիրել` «հասարակության ահազանգելու, որ Հայաստանում անմեղ մարդուն իբրեւ վկայի կանչում են Քրեական հետախուզության գլխավոր վարչություն, եւ մի քանի ժամ անց այդ մարդը հայտնվում է դիահերձարանում»:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, կատարվածի համար պետք է պատասխան տա «ողջ համակարգը», Հայկ Հարությունյանը, Հովիկ Թամամյանը, բոլոր նրանք, ովքեր տեղյակ են եղել այդ դեպքին»:

Ալավերդյանը ասաց, որ ոստիկանությունը չպետք է տարածեր, թե Լեւոն Գուլյանը փախուստի դիմելիս վայր է ընկել լուսամուտից, քանի որ «փախուստի դիմողը իր ոտքով չէր գնա ոստիկանություն». - «Այդպիսի պղտոր վերսիաներով ուզում են մոլորության մեջ գցել հասարակությանը»:

«Ես կասկածում եմ, որ հաստատ եղել են խոշտանգումներ, որի արդյունքում եղել է մահ», - ասաց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ղեկավար Արտակ Կիրակոսյանը: - «Թող ոստիկանությունը ապացուցի հակառակը»:

Ասուլիսին ներկա էին Լեւոն Գուլյանի այրին, քույրերը: Նրանք հայտարարեցին, որ մինչեւ չստանան անկախ փորձագետների եզրակացությունը, դիակը հողին չեն հանձնելու:

«Մենք գնալու ենք մինչեւ վերջ», - ասաց Լեւոնի քույրը` Արմինե Գուլյանը: - «Ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները ստանան իրենց պատիժը»:

Դեպքի առիթով Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել 110 հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելու համար:

Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանի մեկնաբանությամբ` քրեական գործը այդ հոդվածով է հարուցվել, քանի որ «դժբախտ պատահարի դեպքի առթիվ քրեական գործ հարուցել հնարավոր չէ. այդպիսի հոդված նախատեսված չէ Քրեական օրենսգրքով»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG