Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին


Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը չորրորդ գումարման Ազգային ժողովում կազմելու է բացարձակ մեծամասնություն, ձեւավորվելիք կառավարության նախագահի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին:

Սա ապագային վերաբերող թերեւս միակ հարցն էր, որին ՀՀԿ-ի հանրային կապերը համակարգող Էդուարդ Շարմազանովը այսօր հրավիրած ասուլիսում միանշանակ պատասխան տվեց:

Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի միակ թեկնածուն է լինելու 2008-ի նախագահական ընտրություններում:

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին կունենա իր սեփական թեկնածուն` ի դեմս պարոն Սարգսյանի», - հայտարարեց Շարմազանովը` հավելելով. - «Բայց, այնուամենայնիվ, վերջին խոսքը կասի պարոն Սարգսյանը»:

Իսկ թե ո՞ւմ կցանկանար ՀՀԿ-ն տեսնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կամ ապագա կառավարության կազմում ինչպիսի փոփոխություններ կլինեն, Հանրապետականը դեռ չի որոշել:

Թեեւ ՀՀԿ-ի խորհրդարանում ստացած մանդատները թույլ են տալիս ձեւավորել միանձնյա կառավարություն, Շերմազանովը ասաց. - «Մենք կառուցողական ենք տրամադրված բոլոր ուժերի հետ համագործակցելու: Հանրապետականը բազմիցս ասել է, որ Հայաստանի ապագա տեսլականի շուրջ մենք կարող ենք ձեւավորել կոալիցիա»:

«Մենք արդեն ունենք փորձը մեր գործընկերների` Դաշնակցության, հետ», - շարունակեց նա: - «Բնականաբար, շատ նորմալ ենք ընդունում նաեւ այն փաստը, որ նոր կուսակցություն մտավ պառլամենտ եւ 26 մանդատ ունի. դա «Բարգավաճ Հայաստան»-ն է: Ողջունում են պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգություն» կուսակցության մուտքը պառլամենտ: Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ասեմ, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG