Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները համարում են «մեկ քայլ առաջ», իսկ պաշտոնական Մոսկվան`«թափանցիկ եւ ժողովրդավարական»:

Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարել է. - «Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների առթիվ եւ կիսում ենք դրանց ներկա գտնված միջազգային դիտորդների այն տեսակետը, ըստ որի ընտրական ենթակառուցվածքները մեծապես բարելավվել են, ինչը քայլ է ճիշտ ուղղությամբ` դեպի միջազգայնորեն ընդունված չափանիշները»:

Քեյսին, սակայն, հատուկ վերապահում է արել. - «Նախորդ ընտրությունների համեմատ սա բարելավում է, բայց եթե նայեք դիտորդների գնահատականներին` ապա կտեսնեք, որ հայաստանյան ընտրությունները միջազգային չափանիշներին լիովին չէ, որ համապատասխանել են»:

Պետդեպարտամենտը չի շրջանցում ընտրախախտումների փաստերը: Քեյսին կոչ է անում Հայաստանի իշխանություններին լուրջ հետաքննության ենթարկել դրանք:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը ակտիվորեն կհետաքննի ընտրական գործընթացում թույլ տրված իրավախախտումների մասին պնդումները եւ կպատժի մեղավորներին` հայաստանյան օրենքներին համապատասխան», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Այսօր մայիսի 12-ի ընտրությունների մասին հայտարարությամբ հանդես էլ եկել նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. - «Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները Մոսկվայում գնահատում են որպես թափանցիկ ու ժողովրդավարական եւ հույս ունեն հետագայում եւս խորացնել հարաբերությունները Երեւանի հետ»:

Ռուս դիվանագետները նաեւ հատուկ նշում են, որ այս անգամ ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների գնահատականները «շատ առումներով համընկել են»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նաեւ հիշեցրել է, որ հայաստանյան ընտրությունները կազմակերպվել են նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա, «որում արտացոլված է եվրոպական մի շարք պետություններում կիրառված առաջադիմական ընտրական պրակտիկան»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG