Մատչելիության հղումներ

Եվրամիության նախագահությունը հայաստանյան ընտրությունները գնահատում է ընդհանուր առմամբ արդար եւ ազատ


Եվրամիության նախագահող պետությունը` Գերմանիան, հայտարարություն է տարածել, որում հայաստանյան ընտրությունները գնահատել է ընդհանուր առմամբ ազատ եւ արդար:

«Եվրամիության նախագահությունը գոհունակությամբ նշում է, որ մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ընդհանուր առմամբ անցկացվել են ազատ, արդար եւ հիմնականում համապատասխանել են միջազգային այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը», - ասված է հայտարարությունում: - «Նախագահությունը ողջունում է այն փաստը, որ նախորդ ընտրությունների համեմատ` այս անգամ զգալի առաջընթաց է արձանագրվել»:

Եվրամիության նախագահող պետությունը ողջունում է նաեւ այն հանգամանքը, որ եվրոպական դիտորդները հետեւել են ընտրությունների ընթացքին:

Գերմանիան կոչ է անում 2008 թվականի սկզբին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հետաքննել եւ վերացնել դեռեւս առկա ընթացակարգային խնդիրները, մասնավորապես, այն բացթողումները, որոնք վտանգում են ձայների հաշվարկման գործընթացը, ինչպես նաեւ դիտարկված մյուս բացթողումները:

Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան նույնպես երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել մայիսի 12-ի ընտրությունների կապակցությամբ` շնորհավորելով Հայաստանի ժողովրդին:

«Ընտրությունները հիմնականում ընթացել են ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Այս ընտրություններով հայ ժողովուրդը քաղաքական լուրջ հասունություն ցուցաբերեց: Համոզված եմ, որ Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության ոգով կշարունակեն զարգացնել հարաբերությունները», - ասված է Սոլանայի հայտարարությունում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG