Մատչելիության հղումներ

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը «համեմատաբար խաղաղ» է որակում անցած քվեարկությունը


Մայիսի 12-ին Հայաստանի բոլոր 1923 տեղամասերում քվեարկության ընթացքին հետեւած շուրջ 3900 դիտորդներին միավորող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին ասյօր ասաց, որ քվեարկության օրը ընտրական գործընթացները եւ ձայները հաշվարկը ընտրատեղամասերում ընթացել են «համեմատաբար խաղաղ եւ հավասարակշռված», նախորդ ընտրությունների համեմատ` ավելի քաղաքակիրթ մթնոլորտում:

«Իհարկե, եղել թերություններ, բացթողումներ, եղել են խախտումներ, բայց համեմատած նախկին ընտրություններին` լավն էին», - ասաց Համբարձումյանը:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահի խոսքերով` դրական միտումներն ուղեկցվել են դիտորդների կողմից արձանագրված մի շարք «ընտրական օրինախախտումներով եւ բացթողումներով». - «Եղել են մեքենաներով մարդկանց տեղափոխելը տեղամասեր, ինչը հետագայում առաջացրել է կուտակումներ եւ դժվարացրել է տեղամասում ընտրելու գործընթացը»:

Նրա խոսքերով, կազմակերպության դիտորդները որոշ տեղամասերում հայտնաբերել են «լցոնման փորձեր», «մեկ անձի` մի քանի անգամ քվեարկության դեպքեր»:

Ընտրակաշառքին վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին Համբարձումյանը պատասխանեց. - «Ընտրակաշառքի դեպքեր զուտ այդ օրը տեղամասում քվեարկության օրը մենք չենք հայտնաբերել»:

Նա հավելեց, սակայն, որ քարոզարշավի ընթացքում իրենք բազմաթիվ օրինակներ են բերել «բարերարության անվան տակ փաստորեն ընտրակաշառքների»:

«Քանի որ այդ խախտումները համատարած բնույթ չեն կրել, ուրեմն դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա», - ասաց Հարություն Համբարձումյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG