Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվա է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Ռուսաստանի ղեկավարության հետ:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իգոր Նեւերովը, ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ բանակցությունների օրակարգում անպայման լինելու են միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման ամերիկյան ծրագրի հետ կապված խնդիրը:

«Ռուսաստանին չեն համոզում ԱՄՆ-ի հավաստիացումները, թե հակահրթիռային պաշտպանության ռազմակայանը Եվրոպայում ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ», - ասել է Նեւերովը` վկայակոչելով ռուսաստանցի ռազմական փորձագետների գնահատականները:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ժամանումից առաջ Ռայսը օդանավում լրագրողներին հայտարարել է, թե ռուս - ամերիկյան հարաբերությունների համար «դյուրին ժամանակներ չեն», սակայն երկու երկրների միջեւ առկա լարվածությունը նոր «սառը պատերազմ» չի կարելի համարել:

«Մեծ, բարդ հարաբերություններ են, որոնք, սակայն, նման չեն անհաշտ թշնամանքի: Կան բաներ, որ լավ են ընթանում, որոշ բաներ ընթանում են պակաս լավ, քան ակնկալվում էր, իսկ որոշ բաներ էլ շատ խնդրահարույց են», - ասել է պետքարտուղարը:

Անցյալ շաբաթ Հաղթանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, դատապարտել էր «քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, համաշխարհային բացառիկության եւ դիկտատի հավակնությունները, ինչը բնորոշ էր նաեւ Երրորդ Ռեյխի ժամանակներին»: Չնայած նա որեւէ կոնկրետ երկիր չէր մատնանշել, սակայն, վերլուծաբանների համոզմամբ, հստակ ակնարկել էր Միացյալ Նահանգներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG