Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Ընտրությունները ազատ, արդար համարվել չեն կարող»


«Սա իշխանական լծակների, ընտրակաշառքների հաղթանակն էր Հայաստանում», - երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա համոզմամբ, ընտրությունները «ազատ, արդար համարվել չեն կարող». - «Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»:

Նախնական ամփոփ արդյունքով իրենց ստացած 2 տոկոսից պակաս, իր բնորոշմամբ` նկարած ձայները «իրական պատկերը չեն արտացոլում», եւ «երկու խնդիր է լուծվել». - «Որպեսզի ՀԺԿ-ն չմտնի խորհրդարան, նաեւ` թուլացնել պոտենցիալ նախագահի թեկնածուներին»:

Թեեւ հավելեց, որ դեռեւս չի որոշել` առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը 2008-ի նախագահական ընտրություններում:

Անդրադառնալով միջազգային դիտորդների` երեկ հրապարակված նախնական եզրակացությանը, Դեմիրճյանը, թեեւ ասաց, որ խախտումները այս անգամ «անտեսանելի ու դժվար որսալի էին», եւ ինքը «հասկանում է դիտորդներին», այդուհանդերձ, շարունակեց. - «Առաջին անգամ չէ, որ մեծ տերությունները, մեծ երկրները ստորադասում են ժողովրդավարական սկզբունքները աշխարհաքաղաքական շահերին»:

ՀԺԿ-ի առաջնորդը նաեւ ասաց, որ ընտրախախտումների փաստերի առիթով, այդ թվում` նոր անձնագրերի զանգվածային թողարկման կասկածի հետ կապված, մոտ օրերս դիմելու են դատախազություն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG