Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ընտրությունները անցան ազատ, արդար եւ թափանցիկ»


Հայաստանի Ազգային ժողովի չորրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները անցան ազատ, արդար եւ թափանցիկ, ինչը հաստատում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահ մարմինները, ինչպես նաեւ տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունները: Այդ մասին ասված է խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հղած շնորհավորական ուղերձում:

«Շնորհավորում եմ բոլորիս դեպի ժողովրդավարություն կատարած եւս մեկ կարեւոր քայլի առիթով: Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը թույլ տվեց հստակեցնել կանոնակարգերը: Հիմնականում օրենքի սահմաններում գործեցին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները` հանձնաժողովի անդամները, թեկնածուները, վստահված անձինք: Տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվելու են` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ օրինականությունը վերականգնելու նպատակով», - ասված է ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

«Իսկապես ժողովրդավար հասարակության կարեւոր առանձնահատկություններից է հետընտրական շրջանում նորմալ կյանքի վերադառնալու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտը վերականնելու կարողությունը», - ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը իր ուղերձում:

Նախագահը շնորհակալություն է հայտնում «ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցներին, ովքեր ապահովեցին դրա բնականոն ընթացքը, օրինականությունը եւ իրենց մասնագիտական գործողություններով բարձրացրին ընտրությունների հանդեպ ժողովրդի վստահության մակարդակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG